ԵԽ 48 պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի նկատմամբ ագրեսիան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5,  24News   

ԵԽ

Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության հայերի եվրոպական դաշնության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հրթիռային և օդային հարվածները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել թաքստոցներում։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ բարձր ներկայացուցիչ Բորել, նաև ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի կանգնեցնենք Թուրքիայի ցանկացած միջամտություն, որը փաստացի ապակայունացնում է ևս մեկ հարևան տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»,- ասված է նամակում:

Նամակը ստորագրած պատգամավորները Ադրբեջանի բանակին կոչ են արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Բորելին ուղղված նամակի տակ ստորագրել են պատգամավորներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Հունաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանի, Սլովակիայից, Շվեդիայից, Դանիայից, Բելգիայից և Հունգարիայից:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։ 

--00—ՄՀ