Գյանջայի օդանավակայանը կարևոր հանգույց է․ հարվածներ կլինեն նաև այլ օդանավակայաններին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Ադրբեջանի ռազմավարական նշանակության Գյանջայի օդանավակայանը կարևոր հանգույց էր, բայց միակը չէր։ Դրանով շարքից դուրս չի գա իրենց ողջ համակարգը։ Եթե Ադրբեջանը շարունակի, տրամաբանական է, որ նմանատիպ հարվածներ կլինեն այլ օդանավակայաններին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ռազմ ինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պնդումներին, թե, իբր, ՀՀ տարածքից Ադրբեջանի բնակավայրերի հրթիռակոծություն է իրականացվել՝ նա ասել է, որ փորձ է արվում էսկալացիայի նոր մակարդակի գնալ։ 

«Տեսնելով, որ Արցախում իրենց պլանները տապալվել են, ոչ լիովին իհարկե, բայց չեն հաջողվում՝ փորձում են որպես առիթ օգտագործել։ Յոթ օրում ռազմավարական առումով լուրջ առաջխաղացում նրանց համար չի եղել։ Հասկանում են՝ իրենց ագրեսիան պլանավորվածով չի գնում»,- ասել է նա։

Վրթանեսյանը չի բացառել, որ երկու երկրի տարածքի ցանկացած կետ էլ կարող է թիրախավորվել։
«Չկարողանալով արագ ռազմական հաջողություների հասնել՝ անցավ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռազմական հարվածներին։ Նման արկածախնդրություն ևս հավանական է։ Այս պատերազմը, ոչ այսպիսի ինտենսիվությամբ, բավականին երկար կարող է շարունակվել»,- ընդգծել է նա։

Ըստ Վրթանեսյանի՝ առաջ գնալու ուժեր կան, բայց պետք է հաշվարկել՝ ինչ կորուստների գնով։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ