Եթե կոնկրետ դեպքերը վրա հասնեն, ՌԴ-ն պայմանագրային պարտավորությունները կկատարի. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ԲԻԼԴ» պարբերականին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է ռուսական կողմից օգնության, ու նաև Թուրքիայի առաջնորդի հետ բանակցությունների հնարավորությանը:

«ԲԻԼԴ» պարբերական – Հնարավո՞ր է՝ ռուսական բանակն օգնի ձեզ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հայաստանում ներկա է ռուսական 102-րդ ռազմաբազան, և մենք ունենք հակաօդային պաշտպանության համատեղ համակարգ, որի շուրջ պայմանագիրը հստակ ձևակերպում է, թե որ դեպքերում կարող է այդ զինուժն օգտագործվել նաև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:

«ԲԻԼԴ» պարբերական – Ո՞ր դեպքում դա կարող է տեղի ունենալ։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա պայմանագրով նախատեսված կոնկրետ դեպքեր են, և համոզված եմ, որ եթե այդ դեպքերը վրա հասնեն, Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները կկատարի:

«ԲԻԼԴ» պարբերական – Հնարավոր համարո՞ւմ եք Էրդողանի հետ խաղաղ բանակցությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես տեղի ունեցածը համարում եմ ահաբեկչական հարձակում։ Եվ երբ տեղի է ունենում ահաբեկչական հարձակում, բնականաբար, ցանկացած երկրի համար առաջինը սեփական անվտանգությունը պաշտպանելուն ուղղված գործողություններ կատարելն է։ Մենք հիմա զբաղված ենք դրանով: 

«ԲԻԼԴ» պարբերական – Դուք հնարավորություն ունե՞ք դիմակայելու ընդդեմ բարձր տեխնոլոգիական զենքերի, որոնք կիրառում է Ադրբեջանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կարծում եմ՝ Հայաստանը և հայ ժողովուրդն իրենց պաշտպանելու վճռականություն ունեն։ Մենք նույնպես ունենք սեփական արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներ, որոնք գուցե այդքան արտադրական հզորություններ չունեն։ Բայց մենք մտադրված ենք մեզ պաշտպանելու համար նաև զարգացնել տեխնոլոգիաները:

«ԲԻԼԴ» պարբերական – Ի՞նչ կարող է հիմա անել Գերմանիան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք՝ ես արդեն ասզցի, որ հստակ դիրքորոշումներ եմ ակնկալում։ Եվ ասացի, որ եթե միջազգային հանրությունը ճշգրիտ չգնահատի այս իրավիճակի աշխարհաքաղաքական նշանակությունը, ուրեմն Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում: 

«ԲԻԼԴ» պարբերական – Այսինքն՝ գերմանական կառավարությունը, ինչպես և Էմանուել Մակրոնը, պետք է հստակ արձանագրի՞, թե ով է սկսել այս պատերազմը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո՛։ Եվ պետք է գնահատական տա տարածաշրջանում և հակամարտության մեջ ահաբեկիչների և վարձկանների ներգրավմանը Թուրքիայի կողմից, որոնք վարձվել են Սիրիայում:

--00--ԱԹ