Այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «ԲԻԼԴ»-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական առաջատար «ԲԻԼԴ» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին և Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Հարցազրույցի մասին հոդվածը ներկայացվում է ստորև.

«Վարչապետը լարված տեսք ունի, երբ շաբաթ երեկոյան ընդունում է «ԲԻԼԴ»-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ իր նստավայրում։

Նիկոլ Փաշինյանը գրեթե չի քնում, պարբերաբար նոր սարսափելի տեղեկատվություն է ստացվում տուժածների, հերթական էսկալացիայի մասին։

Զոհերի թիվը հստակ չէ, անկախ տեղեկատվություն չկա: Բայց ակնհայտ է երևում, որ կորուստները շատ ավելին են, քան նախորդ էսկալացիաների դեպքում։

Մեկ շաբաթ է՝ մոլեգնում է պատերազմը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ, որի համար արդեն տասնամյակներ շարունակ վեճեր և բախումներ են տեղի ունենում։ 1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն փորձում են միջնորդել. այժմ իրավիճակն ամբողջովին սրվել է, քանի որ Ադրբեջանը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի աջակցությամբ ցանկանում է վերցնել տարածքը։

«Հենց նոր տիկին կանցլերի հետ հեռախոսազրույց ունեցա», - ներս մտնելիս ասում է Փաշինյանը։ Հայաստանը Եվրոպայից ակնկալում է ավելի շատ աջակցություն, ավելի հստակ հայտարարություններ։

«ԲԻԼԴ»-ը հարցնում է վարչապետին - Պարոն վարչապետ, Հայաստանի մասին խոսելու փոխարեն աշխարհը խոսում է Դոնալդ Թրամփի և կորոնավիրուսով նրա վարակվածության մասին։ Դա Ձեզ տխրեցնո՞ւմ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները բավարար չափով ուշադրության արժանանում են միջազգային հանրության կողմից։ Գուցե նաև այն պատճառով, որ ղարաբաղյան հակամարտության գոտում են հայտնվել վարձկաններ և ահաբեկիչներ Սիրիայից։

«Բիլդ» պարբերական – Որտեղի՞ց գիտեք այդ մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նրանք հավաքագրվել և տեղափոխվել են Թուրքիայի կողմից՝ Ադրբեջանի օգտին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ պատերազմելու նպատակով: Ես կարծում եմ, որ հիմա այլևս այս իրավիճակը միայն տեղային անվտանգային հարց չէ և գլոբալ օրակարգի անբաժանելի մասն է։ Որովհետև, ըստ էության, այն, ինչ տեղի է ունենում, միջազգային առումով 3 պատճառով է շատ կարևոր.

Առաջինը, որովհետև արդեն ասացի, որ Սիրիայից ահաբեկիչներ են Թուրքիայի կողմից հավաքագրվել և տեղափոխվել՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ կռվելու: 

Երկրորդը՝ Թուրքիայի զորքերը ներգրավված են այս գործընթացի մեջ, և դա Թուրքիայի կայսերական քաղաքականության արտահայտությունն է։ Դրանք թուրքական կայսրությունը վերականգնելու գործողություններ են, որոնք մտնում են մի շարքի մեջ Միջերկրական ծովում, Մերձավոր Արևելքում, Լիբիայում Թուրքիայի ծավալած գործողությունների հետ: 

Եվ երրորդը՝ կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար, որը տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում:

«ԲԻԼԴ» պարբերական –Դուք հեռախոսազրույց եք ունեցել Թրամփի վարչակազմի ներկայացուցչի հետ՝ լարված իրավիճակի առնչությամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան -  Ես հեռախոսային խոսակցություն եմ ունեցել նախագահ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական պարոն Օբրայենի հետ։ Եվ այդ օրը երեկոյան էր, որ լսեցինք պարոն Թրամփի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին լուրը։ Բայց ամեն դեպքում մենք կապի մեջ ենք ամերիկյան գործընկերների հետ, որովհետև Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որն զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ:

«ԲԻԼԴ» պարբերական – Միջազգային վերաբերմունքը հետևյալն է. «Ըստ միջազգային իրավունքի՝ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, նաև ըստ ՄԱԿ-ի»…  

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իրականում դա տարօրինակ հայտարարություն է։ Եթե նայենք պատմությունը, կտեսնենք, որ Խորհրդային Միության ձևավորման ժամանակաշրջանում է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հայտնվել է Խորհրդային Ադրբեջանի կազմում, և ընդ որում՝ Ստալինի կողմից կայացված կամայական որոշման հետևանքով, Խորհրդային Միության ձևավորման փուլում: Իսկ եթե վերադառնանք Խորհրդային Միության փլուզման փուլին, կտեսնենք, որ այնպես, ինչպես Ադրբեջանը, լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, կրկին լինելով Խորհրդային Միության մաս, անկախություն է ստացել Ադրբեջանից՝ ընդ որում, օգտվելով Խորհրդային Միության օրենքներով և Սահմանադրությամբ առկա իրավունքից:

Եվ, հետևաբար, ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը կարող էր Խորհրդային Միությունից անկախ դառնալ, իսկ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը չէր կարող Խորհրդային Միությունից անկախ դառնալ: Շատերը կարող են ասել՝ բայց չէ՞ որ Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի կամ գոյություն չուներ։ Միևնույն ժամանակ գոյություն չուներ նաև Խորհրդային Ադրբեջանը, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն անկախություն էր ստանում: Եվ, հետևաբար, եթե Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, ուրեմն Ադրբեջանն էլ պատկանում է Խորհրդային Միությանը:

--00--ԱԹ