Պետք է սկսել Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմի հետաքննություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայկական դիվանագիտությունը զուգահեռաբար պետք է սկսի ջանքեր գործադրել Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը հետաքննելու՝ միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետաքննչական մեխանիզմների գործադրման համար։

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի կապակցությամբ այսպիսի քայլ ձեռնարկվել է ԵԽԽՎ-ի կողմից՝ անդամ պետությունների ստանձնած պարտավորությունների հանձնաժողովի (մոնիթորինգային հանձնաժողով) լիազորությունների շրջանակում։ Դրա արդյունքում հօդս ցնդեցին Սահակաշվիլիի կողմից տարածվող ստերը»։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ