Թուրքիան ապակայունացնում է ողջ տարածաշրջանը. Շվեյցարիայի պատգամավոր

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24News   

պատգամավոր

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներ, Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեն, պատգամավոր Մարիանե Շտրեյֆ Ֆելերը, ինչպես նաև՝ խորհրդարանի վերին պալատի պատգամավորներ Լիզա Մացցոնեն և Կառլո Սոմմարուգան տարածել են մամլո հաղորդագրություն, որում դատապարտում են ադրբեջանա-թուրքական կոալիցիայի ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։ Գրել է 1lurer.am-ը։

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներն իրենց խոր մտահոգությունն են հայտնել Լեռնային Ղարաբաղում, Հարավային Կովկասի տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական էսկալացիայի կապակցությամբ և Շվեյցարիայի Դաշնային խորհրդին (Կառավարությանը) կոչ են անում անհապաղ միջամտել:

«Այս հարձակումները մեզ հետ են տանում 1991-92 թթ. պատերազմական այն դժնի ժամանակները, երբ Ստեփանակերտը ռմբակոծվում էր ադրբեջանական զինուժի կողմից զանգվածային ոչնչացման զերնքերով: Ուժի կիրառումը, մասնավորապես, քաղաքացիական բնակչության դեմ անընդունելի է և պետք է խստագույնս դատապարտվի»։

Շվեյցարիայի խորհրդարանի Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել նաև այս հակամարտության մեջ Թուրքիայի աճող դերի կապակցությամբ, ինչը, ըստ նրանց, անցնում է Ադրբեջանի հետ եղբայրական պարզ հարաբերությունների սահմանը: Թուրքիան ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, այլ նաև ապակայունացնում է ողջ տարածաշրջանը»,- նշում են նրանք։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ 1lurer.am։

--00—ՄՀ