Անընդունելի է հայերի դեմ կռվելու համար վարձկանների ներգրավումը․ ԵԱՀԿ ԽՎ անդամ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2,  24News 

․

«Հինգ աստղ» շարժման պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ անդամ Նիկոլո Ինվիդիան հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ՝ նշելով, որ

«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին լուրերը տագնապալի են և հանգեցնում են բազմաթիվ մարդկային զոհերի: Լեռնային Ղարաբաղում հակամարտության վերսկսմանն ականատես լինելը զգայուն պահ է: Այժմ առավել քան երբևէ հրատապ է հրադադարի և երկխոսության փուլի վերսկսման միջազգային կոչով դիմելը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Նիկոլո Ինվիդիան:

«Հաստատվելու դեպքում չափազանց մտահոգիչ են մամուլում հայտնված այն լուրերը, որ տարբեր ջիհադիստական խմբերին պատկանող և «Իսլամական պետության» վետերաններից կազմված 4 հազար սիրիացի վարձկաններ ուղարկվում են հայերի դեմ կռվելու: Անընդունելի են օտարերկրացի վարձկանների ներգրավումը և քաղաքացիական բնակչության նկատմամբ բռնությունները: Բոլոր կողմերին հորդորում եմ անհապաղ հրադադար հաստատել, հրավիրում քաղաքակիրթ հաղորդակցության և ամբողջ տարածաշրջանում առանց հակամարտությունը սնող արտաքին միջամտությունների վերականգնված կայունության»,- ընդգծել է ԵԱՀԿ ԽՎ անդամը:

--00--ԱՀ