Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Միքայել Մինասյան

«Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի», - իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

-Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ մարտեր են, ի՞նչ է այնտեղ կատարվում, ո՞վ է տվել կրակի հրամանը։

Երեք օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանն  անցել է լայնածավալ հարձակման ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Կրակի հրաման տվողը միանշանակ Ադրբեջանն է։ Ո’չ Հայաստանը, ո’չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավիճակի էսկալացիայից ոչինչ չէին շահում։ Չկա որևէ տեսական կամ գործնական ձեռքբերում, որ հայկական կողմը կարող էր ստանալ իրավիճակը սրելու արդյունքում։ Հայկական կողմը մշտապես հայտարարել է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման իր պատաստակամության մասին, ինչն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն երկու տասնամյակից ավելի ընթանում է։

Մինչդեռ Ադրբեջանն իր մաքսիմալիստական դիրքորոշումից ոչ մի կերպ չի հրաժարվել, շարունակում է մերժել փոխզիջումների հնարավորությունը, մշտապես հանդես է գալիս ուժի կիրառման դիրքերից և բազմիցս հայտարարել է, որ զենքի ուժով փոխելու է ստատուս-քվոն։

Եվ չնայած հանգամանքին, որ բազմիցս հնչեցրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և գրեթե ողջ միջազգային հանրությունը, այն է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Ադրբեջանն, օգտվելով տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակից, անցել է իր բազմամյա սպառնալիքների իրականացմանը՝ իր մաքսիմալիստական ծրագրերը զենքի ուժով իրագործելու նպատակով։

- Դուք նշում եք, որ Ադրբեջանը դժգոհ էր բանակցություններից, բայց, ըստ էության, երկու տարի է՝ բանակցություններ չեն ընթանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել այդ մասին՝ միաժամանակ հակասական հայտարարություններ անելով մեկ այն մասին, որ «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան», մեկ՝  «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ըստ էության, Հայաստանն է եղել բանակցությունները փակուղի մտցնողը։

Կարծում եմ՝ հիմա պատեհ պահը չէ փնտրելու բանակցային գործընթացի ձախողման մեղավորներին։ Հայաստանն այսօր ևս  շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը։ Կրկնում եմ՝ բանակցությունների տապալումը ոչ մի կերպ չէր բխում հայկական երկու պետությունների շահերից։ Այս պահին բոլորիս պարտքն է անել հնարավոր առավելագույնը էսկալացիան րոպե առաջ դադարեցնելու համար։ Երբ անցում է կատարվում զենքին, բանակցություններին տեղ չի մնում այլևս և ճանապարհ է բացվում դեպի մարդկային անմեղ կյանքերի կորուստ։ Պետք է կանգնեցնել արյունահեղությունը։

- Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը և ի՞նչ պետք է անել արյունահեղությունը դադարեցնելու համար։

Ադրբեջանի ծրագրերում որևէ նորություն չկա։ Իլհամ Ալիևը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր չի թաքցնում, որ մտադիր է հայաթափել Լեռնային Ղարաբաղն ու ամբողջությամբ բռնակցել Ադրբեջանին։ Այս պատերազմի իրական նորությունը  Թուրքիայի անմիջական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի ցեղասպան ծրագրին։ Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի։ Նման պայմաններում, միակ բանը, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող են անել, դա սեփական բնակչության ապրելու իրավունքը և ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար պայքարելն է։

Եվ չնայած ռազմա-տեխնիկական գերազանցությանը, չնայած Թուրքիայի աննախադեպ քաղաքական, նյութական ու տեխնիկական աջակցությանը, հայկական կողմն առայժմ ի վիճակի է կանխել ագրեսորներին։  Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը և հայկական բանակը միասին հիանալի տիրապետում են մարտավարությանը հակամարտության ընթացքում:

Հուսով եմ, որ, վաղ թե ուշ, այս իրավիճակը կստիպի Բաքվին մեկ քայլ ետ կատարել և հասկանալ, որ խնդիրը չի կարող լուծվել զենքի ուժով։ Բայց եթե ցանկանում ենք օր առաջ կանխել արյունահեղությունը ու նվազեցնել կորուստները, մարդկային ողբերգությունը, գործին պետք է առավել վստահ միջամտություն ցուցաբերի միջազգային հանրությունը։ Միջազգային հանրությունը չպետք է կասկածի հստակորեն մատնանշելու պատասխանատուներին, պետք է խուսափի հերթապահ հայտարարություններից և արդյունավետ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա միջամտություններից, իսկ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան և նստի բանակցությունների սեղանի շուրջ։

--00--ԱՀ