Կարգավորվում է ՌԴ-ից դեղորայքի և մարդասիրական օգնության ՀՀ տեղափոխման հարցը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News 

դեղեր

Աշխարհի շատ երկրներից հայեր, օտարերկրացիներ Արցախին աջակցելու նպատակով մարդասիրական օգնություն են հավաքել, այդ թվում՝ դեղորայք և բժշկական պարագաներ, որոնց Հայաստան տեղափոխման տեխնիկական խնդիրների լուծման ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում:  

Ռուսաստանի հայ համայնքը ևս պատրաստակամություն է հայտնել աջակցության: Արդեն իսկ դեղերով և բժշկական պարագաներով բեռը սպասում է Հայաստան հասնելուն: Դեղերի տեղափոխման հետ կապված հարցերը լուծվում են կառավարության աջակցությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը:

«Ամբողջ աշխարհում սփյուռքը շատ մտահոգված է իրավիճակով և շատ մեծ աջակցությունն է առաջարկում Հայաստանին, Արցախին: Շատ սերտ համագործակցություն ունենք բոլորի հետ, ունենք առաջարկներ՝ և դեղերի, և բժշկական նշանակության ապրանքների, սարքավորումների մասով:  Ռուսաստանի  հայ համայնքի կողմից առաջիկայում սպասում ենք դեղերի և բժշկական նշանակության ապրանքների խմբաքանակ»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ շատ կարևորում են այդ համագործակցությունը:

Նա շեշտեց՝ աջակցությունը մեծ կարևորություն ունի, սակայն կարևոր է նաև, թե ինչպես է դա իրականացվում: «Դեղերն ունեն ջերմային ռեժիմի պահպանման կանոններ: Եղանակային պայմանները ևս պետք է հաշվի առնել»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց աջակցության համար:

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք խնդիրներ հավաքված դեղերը, բժշկական պարագաները Հայաստան հասցնելու հետ կապված՝ նա նշեց, որ ներկայումս կառավարությունում զբաղվում են տեղափոխման կազմակերպչական, տեխնիկական հարցերի լուծմամբ: 

--00—ՄՀ