Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի և Տաջիկիստանի ԱԽ քարտուղարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Արմեն

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վալերի Վակուլչիկի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլո Մահմուդզոդայի հետ: Այս մասին Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հեռախոսազրույցների ընթացքում անդրադարձել եմ ս.թ. սեպտմեբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, Ադրբեջանի կողմից հակամարտությունը Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու և խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստերին: Զուգահեռաբար, մատնանշել եմ տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի՝ որպես ապակայունացնող գործոն լինելու հանգամանքը:

Ընդգծել եմ, որ Արցախի Պաշտպանության բանակը ռազմաճակատի ողջ երկայնքով, ինչպես նաև ՀՀ Զինված ուժերը մեր երկրի սահմաններն անառիկ պահելու առումով փայլուն կերպով կատարում են իրենց առջև դրված բոլոր մարտական առաջադրանքները և իրավիճակը պահում են լիակատար վերահսկողության տակ»,- գրառել է նա:

Գրիգորյանը նաեւ նշել է, որ Բելառուսի և Տաջիկիստանի անվտանգության խորհրդի քարտուղարները մտահոգություն են հայտնել ստեղծված իրավիճակի առնչությամբ և ընդգծել են հակամարտության միմիայն խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

--00—ԼՄ