Վարդենիսում քաղաքացի է զոհվել. Ադրբեջանն ապատեղեկատվություն տարածեց, րոպեներ անց հարվածեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ագն

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ։

«Այսօր՝ առավոտյան, ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վրադենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Առհամարելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը, խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները, այդ թվում՝ օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները թշնամուն հետ շպրտելու համար։ Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ