Ադրբեջանը կրակ է վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի վրա, օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ 

«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Սպասեք կոշտ պատասխանի»,- գրել է նա։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։

--00—ՄՀ