Մեծ Բրիտանիայի և Կանադայի ԱԳ նախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29,  24News  

Բրիտանիա Կանադա

Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտաքին գործերի նախարարներ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը և բանակցությունները վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Այս մասին գրել է TACC գործակալությունը:

«Կանադան և Մեծ Բրիտանիան խորապես անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Բնակելի հատվածներում հրետակոծությունների և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը մտահոգություններ են առաջացնում: Կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հետևել քաղաքացիական բնակչության պաշտպանության և հրադադարի մասին համաձայնությանը»,- նշվում է տարածված հայտարարությունում:

Նախարարները նաև ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ցանկացած լուծում պետք է հիմնված լինի բռնությունը մերժելու սկզբունքի վրա և ներառի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հաստատված բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորում:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 27-ին զոհվել է 31, սեպտեմբերի 28-ին՝ 53 զինծառայող։ Քաղաքացիական բնակչությանը հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկու քաղաքացի․ նրանցից մեկն 9 տարեկան աղջիկ է։ Վերջին տվյալներով վիրավորների թիվը մոտ 120 է։

--00—ՄՀ