Հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ են մղում հարձակումները․ Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  28,  24News  

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ են մղում հարձակումները։ Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հարավային ուղղությամբ Ադրբեջանի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել, և այդ ընթացքում ադրբեջանական ԶՈՒ-ն կորցրել է 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր։ Հետ են շպրտվել ելման դիրքեր, և այդ ուղղությամբ այս պահին համեմատաբար հանգիստ է,  ընթանում են թեթև մարտեր։

Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր։  Օրվա ընթացքում հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը և հարակից բնակավայրերը։ Կրակի տակ են ընկել նաև լիրատվամիջոցների ներկայացուցիչները»։

Հովհաննիսյանը հավելեց, որ վիրավորներ են տեղափոխվել ՀՀ հիվանդանոցներ և հոսպիտալներ։ Նրանք հիմնականում ստացել են թեթև վիրավորումներ, շատերն առաջին բուժօգնությունից վերադարձել են շարք և շարունակում են ծառայությունը։

--00--ՄՀ