Բաքուն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքը «մաքրել է» սեփական մեկնաբանություններից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News 

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերի ոչ ճիշտ մեկնաբանության մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանի լրատվական ծառայությունը փոփոխություններ է կատարել Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի և Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հանդիպման վերաբերյալ նախապես հրապարակված հաղորդագրության տեքստում: 

Խմբագրված տարբերակում նշված է.

«Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական ԼՂ հակամարտության առնչությամբ ասել է, որ Ռուսաստանն, իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, աջակցում է խնդրի լուծմանը և այդ ոլորտում ջանք չի խնայում»:

Բացի այդ, հայտնվել են նախադասություններ, որ վերագրվում են Ադրբեջանի խորհրդարանի խոսնակին:

Հիշեցնենք, ադրբեջանական ԶԼՄ-ներում լուր էր տարածվել, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոչընդոտում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, և որ ՌԴ-ն կողմ է «օկուպացված 5 շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածքում և տրանսպորտային կապի վերականգնմանը»։ Ըստ Բաքվի լրատվամիջոցների՝ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նման բան է ասել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր մեկնաբանել Բաքվի ՝ Լավրովին վերագրած խոսքերը՝ պատմելով բանակցության մասին:

ՀՀ ԱԳՆ-ն 24News-ին տրված մեկնաբանությունում ասել էր․ «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»։

--00--ԱԹ