Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Քոչարյան

Դատարանը շարունակում է քննել մարտի 1-ի գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մարտի 1-ի մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։ Մասնավորապես, պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։ 

Պաշտպանները հայտնել են, որ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։

Նմանատիպ միջնորդություն ներկայացրել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ 

Այս պահին դիրքորոշում է հայտնում մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Ըստ նրա, պաշտպանական կողմը զրկված չէ ապացույցներ պահանջելու հնարավորությունից, իսկ կողմերի մրցակցության սկզբունքը չի խախտվել։

--00--ԱԹ