Չայնիի ոլորաններում բախվել են Geely և Opel մակնիշների մեքենաները․1 հոգի տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

․

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ճակատ-ճակատի բախվել են Geely և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոցներ:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1 դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել ե նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց է ուղեկցել Կոտայքի բաժնի պետ Ա. Ղազարյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, ովքեր այս պահին վթարի վայրի զննություն են կատարում:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը՝ թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ