Շահելու է և՛ քաղաքացին, և՛ պետությունը. Արցախի նախագահը` գյուղատնտեսական նոր ծրագրի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  16,  24News

Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Նախընտրական հանդիպումներիս ժամանակ բազմիցս հայտարարել եմ, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսության՝ ոչխարաբուծության ճյուղի զարգացմանը: Այն, ըստ մասնագետների, Արցախում մեծ հեռանկար ունի, և կարելի է գլխաքանակը հասցնել ավելի քան հինգ հարյուր հազարի: Համեմատության համար նշեմ, որ ներկայումս ամբողջ հանրապետությունում ունենք ընդամենը յոթանասուն հազար գլուխ ոչխար, և եղածն իր մթերատվությամբ անհամեմատ զիջում է առաջատար ցեղատեսակներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձանագրումն առ այն, որ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով, կրկին վկայում է ոլորտի մեծ ներուժի ու պահանջարկի մասին:

Այդ առթիվ կուզեի փաստել, որ Արցախում այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլն արված է, և ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով Հանրապետությունում կլինեն: Հայտարարածի համաձայն՝ դրանք կտրվեն բոլոր այն ֆերմերներին, ովքեր կապահովեն գյուղնախարարության առաջադրած նվազագույն պայմանները:

Մեկնարկը տրված է. առաջիկա հինգ տարիներին պետական միջոցներով շարունակաբար կներկրվեն մայրացու բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ: Մեր ընդհանուր հաջողությունը պայմանավորված է լինելու այդ ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու գրագետ և սրտացավ մոտեցումից: Արդյունքում շահելու է և՛ քաղաքացին, և՛ պետությունը:

Ի գո՜րծ»:

--00--ԱԹ