Մեկնարկում է «Գործունակության իրավունքի պաշտպանությունը ՀՀ-նում» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

․

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է հաստատություններում խնամվող քաղաքացիների ապաինստիտուցիոնալացումը: Նաև առաջին անգամ է, որ այս քաղաքականության համատեքստում մենք քննարկում ենք նաև հաշմանդամություն և հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիների խնամքը հաստատություններից դուրս կազմակերպելու հնարավորությունը»,- այս մասին «Գործունակության իրավունքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի առցանց ներկայացման  ընթացքում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Փոխնախարարը ներկայացրել է խնամքի փոխակերպման ծրագրի մանրամասները, համայնքահեն ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը, ինչպես նաև խոսել անձնական և սոցիալական օգնականի ինստիտուտների ներդրման մասին: «Գործունակության իրավունքի պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի օժանդակությամբ ՝ նպատակ ունենալով աջակցել այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերին.

«Հոգեկան առողջության ոլորտը մշտապես եղել է ԲՀՀ Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններից: Հիմնադրամի ներդրումը էական է եղել հոգեկան առողջության պահպանման ազգային ռազմավարության մշակման, ապաինստիտուցիոնալիզացիայի բարեփոխումների զարգացման, Սպիտակի խնամքի տան ստեղծման գործում։  Մեր ապագայի տեսլական է, որ յուրաքանչյուր անհատ ապրի իր համայնքում արժանապատիվ, իրացնի իր գործունակությունը, իր կյանքին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելու հնարավորություն ունենա։ Այս ծրագրի նպատակն է լուծումներ առաջարկել այս տեսլականն իրականություն դարձնելու և շատ հստակ քաղաքականության մեխանիզմներ ձևավորելու ուղղությամբ»,- նշել է ԲՀՀ Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։

Ծրագրի մեկնարկին նվիրված քննարկման ընթացքում ծրագրի տեղացի և միջազգային փորձագետները ներկայացրել են այլ պետություններում՝ մասնավորապես Իռլանդիայում, Բուլղարիայում, Իսրայելում և այլ երկներում գործունակության պաշտպանությանն ուղղված բարեփոխումների լավագույն օրինակները, սերտած դասերն ու ձախողումները, որոնք կարող են արժեքավոր լինել Հայաստանում ծրագրի իրականացման արդյունավետության տեսանկյունից:

--00--ԱՀ