«Արդար Հայաստանը» հորդորում է գործադիրին առկախել կրթական չափորոշիչների հաստատումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News    

Արդար Հայաստան

«Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության հայտարարությունը հանրակրթական առարկայական չափորոշիչների ու ծրագրերի նախագծերի մասին, որում մասնավորապես ասված է․

«ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծերը հարուցել են հասարակական ու մասնագիտական տարբեր շրջանակների վրդովմունքը։ 
Հատկապես քննադատության թիրախում են հայտնվել «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» դասընթացների չափորոշիչները։ 
Մատուցվող չափորոշիչները փորձ է արվում ներկայացնել որպես կրթական բարեփոխումներ։  

«ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» հանրային նախաձեռնության համոզմամբ կրթության ոլորտի բարեփոխումների նպատակը պետք է լինի ուսուցման, դասավանդման և ուսումնառության ավանդական մեթոդներից կարողունակությունների կամ ինչպես ասում են՝ կոմպետենցիաների վրա հիմնված կրթության համակարգին անցնելը, ինչը ենթադրում է նաև կրթական ծրագրերի, դասագրքերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների, ծրագրերի, չափորոշիչների բովանդակության, կառուցվածքի համապատասխանեցում կարողունակությունների/վերջնարդյունքների վրա կառուցվող կրթության համակարգին: 

Տասնամյակներ շարունակ կրթության համակարգը կառուցվել է գիտելիքահենք, ուսուցչակենտրոն և գծային սկզբունքների/մոդելների/մեթոդաբանության հիման վրա։ 

Կարողունակությունների կամ կոմպետենտությունների վրա հիմնված կրթությունը նպաստում, խթանում է ժամանակակից աշխատաշուկայում մրցունակություն ապահովող հմտությունների զարգացմանը, ապահովում է ոչ միայն գիտելիքների հաղորդումը, այլ նաև սովորողների քննադատական մտածողության, ստեղծարարության, համագործակցայնության և նախաձեռնողականության ձևավորումը: 
Շատ կարևոր է, որպեսզի ուսումնասիրվեն, թե ուսուցման ու դաստիարակության ի՞նչ մեթոդներով, ձևերով, մեթոդիկաներով են աշխատում ուսուցիչները, մանկավարժ-մասնագետները, արդյո՞ք կարող են դրանցով լուծել կրթության համակարգի առջև դրված խնդիրները, ապահովել վերջնարդյունքների ձևավորումը: 
Ուսուցման գործընթացում գերակայությունը պետք է տալ փոխներգործուն մեթոդներին, որոնք հնարավորություն կտան զարգացնելու աշակերտների ինքնուրույնությունը, մտածողությունը, ստեղծագործականությունը, ապահովելու նրանց անձնային աճը:

Հարկ է նկատել, որ կենտրոնանալով առանձին առարկայական չափորոշիչների ու ծրագրերի բովանդակության վրա, անտեսվել են մի շարք լրջագույն ընդհանրական՝ դիդակտիկական, մեթոդական բացթողումներ: Մասնավորապես. 
1.  Առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը միասնական ձևաչափով կառուցելու կարիք ունեն և ներքոնշյալ բացթողումներից շատերը կարող են այդ դեպքում շտկվել:
2.  Տեքստերը կարիք ունեն ամբողջական խմբագրման և՛ շարադրանքի, և՛մասնագիտական տեսանկյունից, օգտագործված են մի շարք ոչ հայերեն հասկացություններ, նույնիսկ մասնագիտական եզրույթներ կան, որոնք սխալ են օգտագործված և թարգմանված:
3.  Գրեթե բոլոր առարկաների դեպքում լուրջ շփոթ կա «նպատակ», «վերջնարդյունք», «խնդիր» ձևակերպումներում, ամբողջությամբ պետք է վերանայել, քանի որ այս տեսքով կասկածի տակ է դրվում կրթության որակի չափելիության հնարավորությունը:
4.  Տեքստերն անիմաստ ծանրաբեռնված են կրկնություններով, գրեթե նույն ձևակերպումներ պարունակող մտքերով:
5.  «Ուսումնական գործունեության տեսակը» սյունակներում առկա է խառնաշփոթ, այսինքն՝ նշված են և՛ ուսուցման մեթոդներ, և՛ ուսուցման ձևեր, և՛ խնդիրներ, դասագործընթացի նկարագրություն:  Նույն սխալն առկա է նաև ծրագրերի նկարագրական մասում: Օրինակ՝ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի էջ 8-ում նշվում է «Մասնավորապես՝ առարկայի դասավանդման համար անհրաժեշտ է կիրառել գործունեության բազմազան ձևեր, որոնք են…» ու ներկայացվում են և՛ ուսուցման մեթոդներ, և՛ ձևեր, և՛ վերջնարդյունքներ, և՛ ամեն ինչ: Պարզապես խառնաշփոթ է:
6.  Ուշադրություն պետք է դարձնել ոչ միավորային գանահատման չափանիշներին, սկզբունքներին: Օրինակ՝ «Ես և շրջակա միջավայրը» առարկայի էջ 14-15-ում ներկայացված գնահատման սկզբունքներն ու չափնիշները շատ վերացական են, չափելի չեն:
7.  Բոլոր առարկաների ծրագրերում յուրաքանչյուր թեմայի համար պետք է հստակեցվեն մեթոդները, այնինչ, օրինակ «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ես և իմ հայրենիքը» առարկաների ծրագրերում մեթոդներ ընդհանրապես չկան նշված: Սա բավականին լուրջ բացթողում է, քանի որ նպատակի ձեռքբերումը ուսուցման գործընթացում որակի գնահատումը ենթադրում է ուսուցման նպատակահարմար մեթոդների ընտրություն:
8.  Կարիք կա վերանայել առարկայական ծրագրերում թեմաների ձևակերպումները:
9.  Ծրագրերի նկարագրական մասում նշվում են ուսուցման սկզբունքներ, օրինակ՝ հաջորդականության, սակայն թեմաների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ սկզբունքը չի պահպանվում շատ դեպքերում, ինչպես նաև այլ սկզբունքներ:

Այս համատեքստում՝ համեմատական և համադրական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործ ունենք ոչ թե բարեփոխումների, այլ նորամուծությունների հետ: 
Պետք է արձանագրել, որ նախագծերի հեղինակներին չի հաջողվել ներկայացնել այնպիսի անխոցելի չափորոշիչներ և ծրագրեր, ինչը կբացառեր դրանց նկատմամբ այսպիսի բացասական ընկալումն արձագանքը, միաժամանակ չի հաջողվել նաև համոզիչ կերպով ներկայացնել իրենց դիրքորոշումները: 
Մեր խորին համոզմամբ, առանց ազգային ինքնության պահպանման, հավատքի ու մշակույթի, կրթագիտական համակարգում աշխարհաքաղաքացիության /կոսմոպոլիտիզմ/ տանող քաղաքականությունը չարդարացված խաղադրույք է վաղվա սերնդի ապագայի նկատմամբ՝ դրա ամբողջական հետևանքներով հանդերձ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ՛՛Արդար Հայաստան՛՛ հանրային նախաձեռնությունը հորդորում է ՀՀ կառավարությանն առկախել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հաստատումը, վերանայել այն հիմնովին, հաշվի առնել ինչպես ներկայացված մտահոգությունները, այնպես էլ հանրության տարբեր շրջանակների կողմից ներկայացված առաջարկությունները, նոր միայն քննության առնել դրանց հաստատման հնարավորության հարցը»։

-- 00—ՄՀ