Ադրբեջանի ՊՆ-ն պատժել է գերեվարված հայ սպային տեսանկարահանած զինվորականներին

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News 

Ադրբեջան ՊՆ

Օգոստոսի 23-ին եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորված և Ադրբեջանում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանին գերեվարողների զորամասում 1 սերժանտ, 4 պայմանագրային զինծառայող հեռացվել են բանակի շարքերից, զորամասի ու դասակի հրամանատարներին զրկել են կոչումից, ընդհանուր առմամբ պատժել են 14 զինվորականի։ Այս մասին հայտնում է Razm.info-ն: Պատժի պատճառը զինվորականների՝ հայ սպային գերեվարելուց հետո դեպքը նկարահանելն ու հրապարակելն է։

Այս մասին տեղեկացրել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութը համացանցում տարածվել էր նրա մոլորվելու օրն Ադրբեջանի ՊՆ հայտարարությունից մեկ ժամ անց։

Ադրբեջանական «Virtual Azərbaycan» լրատվականը փորձել է պաշտպանության նախարարությունից ճշտել այս լուրը, ինչին ի պատասխան ՊՆ մամուլի ծառայությունից նշել են, թե պարզապես գոյություն ունեցող տեսագրությունները (ոչ՝ իրենց նկարածը) ծանոթ-բարեկամներին ուղարկող որոշ զինվորականներ հեռացվել են։ Այդպիսով՝ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է տարածված նյութերի պատճառով զինվորականներ հեռացնելու փաստը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Գուրգեն Ալավերդյանին ներկայացնել որպես դիվերսանտ, այդ նպատակով օգոստոսի 24-ի երեկոյան Ադրբեջանի ՊՆ-ն Ալավերդյանի լուսանկարի հետ միասին հրապարակել էր նաև իբրև թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Սակայն գերեվարման օրը սոցցանցերում վերոհիշյալ զինվորականների տարածած տեսագրությունում Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի է, ինչն ակնհայտորեն մատնում է ադրբեջանական բեմադրությունը։

--00--ԱԹ