Կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել կալանավորված անձանց շրջանում

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

քկհ

2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց շրջանում արձանագրվել է COVID-19 վարակի 2 դեպք: Ընդ որում, 2 դեպքում էլ վարակակիրները եղել են կալանավորված անձինք: 

Առաջին COVID-19 վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հունիսի 6-ին մեկուսացվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Հունիսի 23-ին նա ՊՇՌ մեթոդով ենթարկվել է կրկնակի թեստավորման, որի արդյունքը եղել է բացասական: Ազատազրկված անձը համապատասխան բժշկական օգնությունը ստանալուց հետո, ՀՀ արդարադատության նախարարության գնահատմամբ, բավարար առողջական վիճակով հունիսի 26-ին դուրս է գրվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից:

Երկրորդ վարակակիրը՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձը, 2020թ. հուլիսի 21-ին եղել է «Հոգեկան առողջության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում: Այնտեղ կատարված փորձաքննության ավարտից հետո նա օգոստոսի 2-ին ենթարկվել է COVID-19 նմուշառման, որի դրական պատասխանը ստացվել է օգոստոսի 4-ին:

Ազատազրկված անձը ՓԲԸ-ից դուրս գրվելուց հետո մեկուսացվել է ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման հատուկ նախատեսված առանձին պայմաններում:

Օգոստոսի 8-ին և 18-ին կատարված ռապիդ թեստավորումներով ազատազրկված անձի թեստի պատասխանները եղել են բացասական: Ներկայումս նրա առողջական վիճակը, ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանմամբ, գնահատվում է միջին ծանրության: Նա ՊՈԱԿ-ի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի ստորաբաժանման բժշկական անձնակազմի հսկողության տակ է:

Այսպիսով, ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության համաձայն, 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ թեստավորվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող 157 անձ, որից 26-ը՝ կալանավորված անձ, իսկ 130-ը՝ դատապարտյալ: COVID-19 վարակի 2 դրական դեպք արձանագրվել է կալանավորված անձանց շրջանում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի աշխատակիցների շրջանում իրականացվել է 347 թեստավորում: COVID-19 վարակ հայտնաբերվել է 71 աշխատակցի մոտ: 2020թ. օգոստոսի 17-ի դրությամբ առողջացածների թիվը կազմել է 63 անձ, իսկ բուժում ստանում է 8 անձ: 

-- 00—ՄՀ