Գեղարքունիքի մարզպետն այցելեց Սևան համայնքի շինհրապարակներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Գնել Սանոսյան

Սեպտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղավ Սևան քաղաքում` ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը դիտարկելու նպատակով։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

Այցի առաջին կանգառը Գրիբոեդովի փողոցում էր, որտեղ արդեն ավարտական փուլում են գտնվում ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Փողոցի հիմնանորոգման համար նախատեսված տարածքը 4578 քառակուսի մետր է: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, ապամոնտաժված եզրաքարերի տեղադրում, ծածկույթի կառուցում, փողոցի անցումների, անհարթությունների, երթևեկելի մասի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների և ճանապարհային նշանների տեղադրում, այլ բնույթի ու ծավալի աշխատանքներ:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 47 միլիոն 99 հազար դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը` Սևանի համայնքապետարանը։ Այս ծրագրի իրականացմամբ Սևան քաղաքում ավելացել է հիմնանորոգված փողոցների թիվը։ Մարզպետի այցի հաջորդ կանգառը բազմաբնակարան հինգ շենքերի բակերում էր, որտեղ մեկնարկել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր։ Մեկնարկը տրվել է օրեր առաջ , 3-րդ միկրոթաղամասից` ներառելով Սևան համայնքի 2-րդ և 3-րդ միկրոթաղամասերի, Շահումյան փողոց 35, 37, 37 ա և Կարմիր բանակի փողոց 54, Նալբանդյան փողոցի 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, Շինարարների 2 շենքերի բակային տարածքների ճանապարհները: Սուբվենցիոն այս ծրագրով իրականացվող աշխատանքները ներառում են եզրաքարերի ապամոնտաժում և վերատեղադրում, անհրաժեշտության դեպքում նոր եզրաքարերի տեղադրում, ճանապարհների հիմնատակի ուղղում և հարթեցում, խճային հիմքի կառուցում, դիտահորերի և ջրընդունիչների բարձրացում կամ իջեցում, ասֆալտբետոնե ծածկի իրականացում:

Ասֆալտբետոնե ծածկույթի ընդհանուր մակերեսը 11 հազար 57քառակուսի մետր է: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 132 միլիոն դրամ: Իրականացվող աշխատանքների արդյունքում էականորեն կբարելավեն բակերի տեսքը, կստեղծվի հարմարավետ և անվտանգ միջավայր, կկարգավորվի հետիոտների և ավտոմեքենաների երթևեկն ու անցուդարձը:

Գնել Սանոսյանը Գրիբոյեդովի փողոցի ասֆալտապատման աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արեց իր նկատառումներն ու դիտողությունները՝ հորդորելով սեղմ ժամկետներում շտկել դրանք:

--00--ԱԹ