Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News 

հասարակական

Ֆուտբոլիստ Էդգար Մալաքյանին կալանավորելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ պաշտպան Գոռ Միքայելյանից։ 

Հիշեցնենք,որ օգոստոսի 30-ին Կասկադում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ իրավապահ մարմինների՝ երկու երիտասարդներ քաշքշել են ոստիկանության ծառայողների։ Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը: Նախաքննության վարկածով՝ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին և պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են։ Երիտասարդներին սեպտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, սակայն ձերբակալման 72 ժամը լրանալուց հետո սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։30-ին և 23։45-ին եղբայրներն ազատ են արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, մերժել էր Մալաքյան եղբայրներից Գոռ Մալաքյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը, իսկ նույն դատարանի դատավոր Հարություն Մանուկյանը բավարարել էր Էդգար Մալաքյանի նկատմամբ կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Վերջինս կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։ Պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը՝ պահանջելով ազատ արձակել Էդգար Մալաքյանին։ Վերաքննիչ բողոքով վիճարկվել է թե՛ հիմնավոր կասկածը, թե՛ կալանավորման հիմքերը։ Նշենք, որ այժմ Մալաքյանը գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում և, փաստաբանի խոսքով, որքան էլ գիտակցում է, որ անիմաստ գտնվում է անազատության մեջ, տրամադրությունը փորձում է նորմալ պահել։ Կալանավորումից հետո նրա մասնակցությամբ նոր քննչական գործողություններ չեն եղել։

--0--ԿԿ