Ռեկորդային թվով թեստավորում մեկ օրում. աճը պայմանավորված է ուսուցիչների թեստավորումներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կորոնավիրուս

Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում. թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: «Արմենպրես»-ի հետ զրույցում թեստավորումների նման մեծ թիվը սրանով է պայմանավորել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը վկայում է, որ ամենամեծ թվով թեստավորումները մինչև այժմ եղել են օրական 1864, 1038, 2329, 2166, 2363, 1892:

«Թեստավորումների թվի ավելացումը պայմանավորված է նաև նրանով, որ ուսուցիչներն են թեստավորվում: Պետք է հասցնեն մինչև դասերի սկսվելը թեստավորվել»,- ասել է խոսնակը:

Թե օրական քանի ուսուցիչ է թեստավորվում, կախված է նրանից, թե քանի հոգի է անհրաժեշտ թերթիկով այցելում պոլիկլինիկա: Կան ռիսկային խմբում ուսուցիչներ, որոնք չեն գնալու աշխատանքի: Թեստավորումը ուսուցիչների համար ֆինանսական ծախս չի առաջացնի, անվճար է:

Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ թեստավորում է իրականացվում նաև հայկական արտադրության թեստերով: Զուգահեռ արվում է նաև խոցելի խմբերի՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թեստավորում:

--00--ԱԹ