Կրթական համակարգը ենթակա է լուրջ, համառ, երկարատեւ բարեփոխումների. «Ազգային օրակարգ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ազգային

«Ազգային օրակարգ» կուսակցության «Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանը եւ նույն հանձնախմբի անդամ Անահիտ Հակոբջանյանը վերլուծությունն են արել հանրակրթության ոլորտում վիճակի եւ զարգացումների վերաբերյալ: Վերլուծությունը կարող եք կարդալ ստորեւ։

«Իշխանափոխությունից հետո Հայաստանում մարդիկ երկար սպասեցին հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների, սակայն այդպես էլ մնացին սպասելով: Մի որոշ ժամանակ հասարակությունը դեռ անսաց քայլականներին աստվածացրած զանգվածի «Թողեք թող աշխատեն» կոչերին, հետո կամաց-կամաց հետ քաշվեց՝ կորցնելով ամեն հույս: Սա մեր կյանքի բոլոր ոլորտներում: Բայց կան հարցեր, որոնցում անգամ աննշան սխալը կամ չմտածված գործողությունը ավելի մեծ ավերներ է գործում: Օրինակ կրթության խնդիրները:

Կրթական համակարգը ենթակա է լուրջ, համառ եւ երկարատեւ բարեփոխումների:

2020 թվականի փետրվարի 24-ի խորհրդարանական լսումների ժամանակ կրթության գիտության, մշակույթի սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նկատել է. «Մենք այլեւս հրաժարվում ենք կրթության ոլորտում կոսմետիկ փոփոխություններից»: Այստեղ տեղին է ժողովրդական խոսքը. հարկավոր է տասն անգամ չափել, մեկ անգամ՝ կտրել:

Իշխանությունը պնդում է, որ ամենաազգային կառավարությունն է, որ երբեւէ եղել է նորանկախ Հայաստանում: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչու են հարվածի տակ հայտնվել հատկապես «Հայոց լեզու», «Հայ գրականություն»,

 «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները, որ ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի համար: Իսկ հարվածը մեկը չէր, երկուսը չէր, երեքը չէր:

Դեռեւս փետրվարին առաջարկվեց փոփոխություններ մտցնել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքում: Նախագծի առավել խնդրահարույց կարգավորումներից էր հայոց լեզվի` որպես արտոնյալ կարգավիճակ ունեցող առարկայի բացակայությունը: Գործող օրենսդրական կարգավորումներով՝ «Հայոց լեզու եւ հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պարտադիր է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, իսկ նոր օրենքի նախագծով տվյալ առարկաների պարտադիր դասավանդումը դառնում է կամընտրական:

Հայագիտության հանդեպ երկրորդ, ոչ արդարացի որոշումը կայացվեց՝մագիստրոսական մասնագիտացումների ցանկից հանելով հայագիտական մասնագիտացումներով կրթություն ստանալու դեպքում եկամտային հարկով ուսման վարձի փոխհատուցման հնարավորությունը:

Բուհական ընդունելության միասնական քննություններին մասնակցել էր շուրջ 12 000 դիմորդ, որոնցից մոտ 700-ը, ստանալով համեմատաբար բարձր միավորներ, զրկվել էր (պայմանավորված կրթության մասին օրենքի հոդված 15-ի կետ 5-ի եւ բուհերի ընդունելության կարգի փոփոխությամբ) հայտագրված մասնագիտությունների առաջնահերթությամբ բարձրագույն կրթություն ստանալու իր իրավունքից: Դիմորդների եւ նրանց ծնողների արդարացի բողոքի դեմ ոստիկանությունը անհամաչափ ուժ էր կիրառել՝ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների սահմանափակման պատճառաբանությամբ նրանց բերման ենթարկելով:

Հուլիսի կեսերին հանրային քննարկման դրվեցին հանրակրթության առարկայական չափորոշիչները եւ օրինակելի ծրագրերը:

«Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների  չափորոշիչների վերաբերյալ հնչեցված բազմաթիվ մասնագիտական կարծիքները (բուհերի մասնագիտական ամբիոնների, ՀՀ ԳԱԱ պատմության, գրականության ինստիտուտների, Հայ Առաքելական Եկեղեցու, քաղաքական եւ հասարակական գործիչների, առանձին անհատների), ցավոք, ցույց տվեցին, որ չափորոշիչները խիստ վտանգավոր են, թշնամական եւ չեն բխում մեր երկրի ռազմավարական եւ անվտանգային շահերից, թիրախավորում են կրթական գործընթացում ազգայինի բովանդակությունը:

Առարակայացանկից հանվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Այս փոփոխությունը կայացվել է Եկեղեցու թիկունքում, ՀՀ եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի ութերորդ հոդվածի խախտմամբ: Անքննելի է, որ յուրաքանչյուր ծրագիր, դասագիրք, ուսումնական գործընթաց շարունակական բարելավման կարիք ունի, սակայն ժխտողական ու բացասման մոտեցումները կարող են լուրջ կորուստների հանգեցնել: «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի բովանդակությունից «Հայոց պատմության» մեջ ինտեգրվել են ժամանակագրական տվյալներով որոշ դասանյութեր եւ շատ հպանցիկ ծանոթացում արժեքներին, ավանդույթներին:

Չնայած նախարարությունը հանրակրթության առարկայացանկից «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դուրսբերումը համարում է սուտ մտահոգություն եւ անհանգստություն, սակայն մինչեւ օրս առարկայի չափորոշիչը հանրային քննարկման չի ներկայացվել:  Անհրաժեշտ է ձեւավորել եւ զարգացնել նախաբանակային պատրաստության նոր համակարգ, որը, բացի «ՆԶՊ» առարկայի դասավանդումից, կներառի, օրինակ,  որոշակի պարբերականությամբ ճամբարային հավաքներ, որտեղ աշակերտները ընդհանուր պատկերացում կկազմեն բանակային ծառայության մասին:

Ճիշտ են իշխանությունների այն պնդումները, որ այս ուսումնական տարում սեռական կրթություն չի իրականացվելու, բայց սուտ են այն հավաստիացումները, որ առաջարկվող չափորոշիչներում դրանք բացակայում են: Մասնագետների դիտարկմամբ՝ տարբեր առարկայական չափորոշիչներում առկա է Լանզարոտեի աղմկահարույց կոնվենցիայի 6-րդ հոդվածի (սեռական դաստիարակության միջոցով սեռական շահագործման, սեռական բռնության ու վտանգի հետ կապված տեղեկատվություն՝ տարրական եւ միջին դպրոցում) դրույթների կիրառելիությունը: Ըստ մասնագետների՝ ներկայացված է համապարփակ սեռական կրթության մոդել (ԱՀԿ-ի ստանդարտներին համահունչ)։ Կան մի քանի տասնյակ գիտական ապացույցներ, որ այս ձեւով կրթելիս դեռահասության տարիքում հղիության դեպքերն ու սեռավարակների տարածվածությունն ավելի են շատանում։

Ցանկացած քննադատական խոսք նախարարության կողմից համարվում է շահարկում եւ իջեցվում կենցաղային վեճի մակարդակի, այլակարծությունը կամ անհամաձայնությունը ներկայացվում է որպես կեղծիք է եւ  չարախոսություն:  Նախարարը նույնիսկ պնդում է, որ այս չափորոշիչներով զարգացնելու են ժողովրդի լավագույն կողմերը, իսկ վատագույն կողմերը թողնվելու են անցյալում: Անհասկանալի է սակայն, թե ինչպե՞ս են որոշվել, ապա եւ ընտրվել լավ ու վատ կողմերը: Ո՞ր կողմում են չափորոշիչում հազվադեպ օգտագործված «ազգ», «հայրենիք» հասկացությունները, եւ որում՝ հաճախ հանդիպող «հանդուրժողականությունը»:

Կառավարության ռազմավարությունը եւ գործողությունները պետք է բխեն հայության առջեւ կանգնած ինքնութենական մարտահրավերներից, այլ ոչ դրսից պարտադրված գլոբալիստական օրակարգից, եւ չպետք է վտանգեն մեր ազգային հենքը, սերունդների եւ պետության ապագան, խեղաթյուրեն մեր կրթական համակարգը: Ուստի, մենք պահանջում ենք վերանայել տարվող քաղաքականությունը, մասնագետների եւ հանրության լայն քննարկմամբ մշակել կրթական բարեփոխումների ազգային ծրագիր, որը ընդունելի կլինի հասարակության լայն խավերի կողմից։  Հակառակ դեպքում, քանի որ վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ «հանրակրթական չափորոշիչները  արտահայտում են կառավարության ռազմավարական պատկերացումները, եւ որեւէ բան իրենց չի շեղելու դրանցից», ապա հասարակության կողմից ներկայացված չափորոշիչների եւ կրթական ծրագրերի վճռական մերժման դեպքում, պետք է պատրաստ լինի լիարժեք քաղաքական պատասխանատվությունը ստանձնել եւ անձամբ հրաժարական ներկայացնել։

--00—ԼՄ