Ծառուկյանը փակել է վարչապետ դառնալու թեման, Վանեցյանն էլ չի կարող. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Վանեցյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր եռյակ ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների օրակարգում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փակել է այն թեման, թե ով կարող է լինել Հայաստանի Հանրապետության վարչապետի իրենց թեկնածուն:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ երբ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը մյուս ուժերին առաջարկել է որոշել, թե ով է լինելու իրենց վարչապետի թեկնածուն, Ծառուկյանը հայտարարել է, որ ինքը որեւէ հավակնություն չունի վարչապետ դառնալու, ավելին՝ Վանեցյանն էլ չի կարող հավակնել դառնալու եռյակի վարչապետի թեկնածուն: ՀՅԴ-ն եւս նման հեռանկար չի տեսել:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել նախ «Հայրենիք» կուսակցությունից: Խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն ասաց. «Նմանատիպ խոսակցություն, որքանով ես տեղյակ եմ, եղել է ամիսուկես, երկու ամիս առաջ, երբ նոր սկսվում էր եռյակի գործունեությունը: Որեւէ մեկը հարց չի բարձրացրել, թե ով պետք է լինի վարչապետ. այո՛, եռյակն ասել է, որ մեր պայքարը վարչապետի պաշտոնի համար չէ, եւ այն ինքնանպատակ չէ: Մեր պայքարը առհասարակ իշխանությունների դեմ է, որը մենք իրականացնում ենք, վարչապետի հարց չկա օրակարգում»:

Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց. «Ես նման ձեւաչափով, առավելեւս նման բովանդակությամբ հանդիպման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չունեմ, եռյակի ձեւաչափում տեղի ունեցող բոլոր պաշտոնական հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն եւ հաղորդագրություններ տրամադրվում են ԶԼՄ-ներին: Եվ ես խորհուրդ եմ տալիս լրատվամիջոցների բոլոր իմ գործընկերներին առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով եւ ոչ թե տարատեսակ ու կասկածելի աղբյուրներից լրատվական դաշտ նետված տեղեկատվությամբ»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է հոկտեմբերին կայանալիք հանրահավաքին մասնակցել միայնակ՝ առանց դաշնակիցների: Ավելին, Ծառուկյանը երկու ամսից ավելի է, ինչ չի հանդիպել ինչպես Վանեցյանին, այնպես էլ «Դաշնակցության» լիդերներին:

Ընդդիմադիր եռյակի համագործակցությունը շարունակվում է միայն աշխատանքային խմբի ձեւաչափով, որի անդամներն են ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը եւ Արթուր Գրիգորյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը եւ Լիլիթ Գալստյանը, իսկ «Հայրենիքից»՝ Արա Սահակյանը եւ Արսեն Բաբայանը: Թե ուր կհասնեն, դժվար է ասել»:

--00—ԼՄ