Վանա լճի մակարդակի նվազման հետևանքով ի հայտ է եկել Արճեշի հայկական «խորտակված բերդը»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Արճեշ

Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ  է ի հայտ եկել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։

Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետևանքով լճի մակարդակը 2 մետրով նվազել է և արդյունքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։ 

Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։ 

Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։ 

Թուրքիայում մինչև այսօր խոսվում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չի քննարկվում եկեղեցու գոյության մասին։ 

--00--ԱԹ