Միթե՞ հնարավոր չէ քաղաքականություն մշակել սիրիական դժոխքից եկած մեր հայրենակիցների համար

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News 

Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ

Երեկ տաքսիով վերադառնալիս, խոսքի բռնվեցի վարորդի հետ։ Երիտասարդը սիրիահայ էր։

Հարցրեցի․

-Հուսով եմ , եկել եք Հայաստան մշտական բնակության ցանկությամբ։

-Այո, այդ մտադրությամբ էինք եկել, բայց այժմ տատանվում ենք։

Արդեն որերորդ անգամ սիրիահայերի հետ զրույցում, նույն դժգոհություններն եմ լսում․ բնակարանային, փոքր բիզնեսի տարածքի վարձակալման բարձր վճարներ, կոմունալ ծախսեր․․․ լարված աշխատանք․․․ և արդյունքում՝ համարյա ոչ մի եկամուտ։ Պետական զրո աջակցություն։ Նրանցից շատերն էլ զարմանում են, մեր՝ տեղացիներիս «զարմանալի» բնավորության վրա․ խաբել, «քցել» և այլն։

Լավ, միթե՞ հնարավոր չէ, պետական հատուկ քաղաքականություն մշակել և իրագործել, սիրիական դժոխքից Հայաստան եկած մեր հայրենակիցների նկատմամբ․ հատկացնել բնակարաններ, պետական գույքի կոմիտեից հատկացնել անվճար տարածքներ, զեղչել կոմունալ վճարները։ Իսկ մե՞նք։ Սիրիահայերը Հայաստան են բերել ուրույն, ազնիվ մշակույթ։ Փոխանակ հիանանք, աջակցենք, օրինակ վերցնենք նրանցից․․․Հավանաբար, շուտով սիրիահայերից շատերը նույնպես կհիսթափվեն հայրենիքից և կարտագաղթեն։

ՀՀ Կառավարությանը կից Սփյուռքի հանձնակատարը, փոխանակ մտավարժանքներ անի օտարերկրացիներին ուծացնելու մասին, պետք է մտածի և լուծումներ առաջարկի սիրիահայերի խնդիրների մասին»։ 

-- 00—ՄՀ