Ո՞ր կուսակցությունները կմիանան ԲՀԿ-ի հավաքին․ԲՀԿ-ի և իշխանության ջրերը մի առվով չեն հոսում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News 

«Բարգավաճ Հայաստանի» ու իշխանական «Իմ քայլը» խմբակցության ջրերը կրկին մի առվով չեն հոսում։ Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, թե պատրաստվում են մեծ հանրահավաք կազմակերպել։ Իշխանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ ԲՀԿ-ին հիշեցրեց անցյալն ու նշեց, որ ինչպես 2015-ին էր, այնպես էլ հիմա՝ ԲՀԿ-ն գտնվում է որոշակի քաղաքական ուժերի ազդեցության տակ։ Հենց այս հայտարարությունն էլ կրքերի թեժացման պատճառ դարձավ։

Մակունցի այս հայտարարությանն արձագանքեց Գագիկ Ծառուկյանի խոսնակն ու նշեց՝ զավեշտալի է, որ ինչ որ ուժերի ազդեցության մասին խոսում է այնպիսի քաղաքական ուժի անդամ, որի ներկայացուցիչների  ահռելի հատվածն ամենասերտ կապերն ունի հայտնի Սորոսի գրասենյակի ու դրա ֆինանսական աղբյուրների հետ։ Նա Մակունցի հայտարարությունը որակեց որպես երևակայությանը զոռ տալ։

Իշխանական խմբակցության ղեկավարն էլ իր հերթին հետ չմնաց Տոնոյանից ու ֆեյսբուքյան գրառմամբ նշեց, թե ԲՀԿ-ն վիրավորվել է այն հանգամանքից, որ հիշեցվել է հուժկու հանրահավաքներ սկսելու իրենց տապալված փորձը 2015թ.-ին: Նա կրկին անգամ շեշտեց, որ ընդդիմադիր խմբակցությունը հայտնվել է քաղաքական պայքարի առաջնագծում ոչ սեփական օրակարգով։

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բացառում է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող  է գտնվել այլ ուժերի ազդեցության տակ։ Բայց և այնպես հնարավոր է համարում այլ ուժերի հետ հանդիպումներն ու քննարկումները։

Դեռ ամիսներ առաջ «Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները աշխատանքային խումբ էին ստեղծել, ուստի չի բացառվում, որ ԲՀԿ-ի հանրահավաքին կմիանան նաև ՀՅԴ-ն ու «Հայրենիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ