Ռազմական ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ՊՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ն համառոտ տեղեկություններ է ներկայացրել անցնող շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:

«Նախորդ շաբաթվա ոչ աշխատանքային օրերին Արցախի պաշտպանության բանակի շտաբում տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այցեր են կատարվել մարտական դիրքեր, որտեղ նրանք ծանոթացել են անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, պաշտպանություն իրականացնելու տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

Շաբաթվա սկզբնամասում սոցիալական ցանցերում և հայկական լրատվական կայքերում քննարկվում էր Պնախարար Դավիթ Տոնոյանի կիրակնօրյա հարցազրույցի տարբեր դրվագներ, որտեղ նա նշում էր, թե բանակցություններ են ընթանում ՍՈւ-30ՍՄ կործանիչների նոր խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Հարցազրույցից նաև տեղեկանում ենք, որ կնքվել է 4 ՍՈՒ-25-երի արդիականացման ծրագիր, և այն ՌԴ-ում է իրականացվելու: Նախատեսվում է նաև ստեղծել հայ-ռուսական մասնավոր կազմակերպություններ ռազմարդյունաբերության ոլորտում:

Պաշտպանության նախարարը, անդրադառնալով աշխարհազորային ստորաբաժանումների ստեղծման թեմային, նշել է, որ դրանք առաջնահերթության կարգով կստեղծվեն սահմանապահ բնակավայրերում ինքնապաշտպանության կազմակերպման նպատակով:

Տոնոյանը նաև իր մտահոգությունն է հայտնել Բաքվի Կարմիր խաչի գրասենյակին, ովքեր դեռ չեն այցելել հայ սպային:

Այս ամենին զուգահեռ, մեր հարևան երկրում Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ քննարկումները թեժ են եղել: Մասնավորապես, օգոստոսի 29-ին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով կրկին պարզաբանում է պահանջում Կրեմլից` Հայաստանին մատակարարվող զենք-զինամթերքի վերաբերյալ: Իսկ ՌԴ ի կողմից տրված պատասխանները իրենց չեն գոհացրել:

Ի պատասխան դրա, ՀՀ Պնախարարը հայտարարել է, որ ՌԴ-ն Հայաստանի համար հիմա ռազմական նշանակության բեռ չի տեղափոխում. և մենք դա անում ենք ինքնուրույն:
Շաբաթվա ընթացքում նեղ փորձագիտական շրջանակների կողմից կրկին քննարկվում էր աշխարհազորի ստեղծման թեման:

Ըստ նրանց՝ ցանկացած պարագայում, եթե նույնիսկ թուրքական գործոնի ակտիվությունն էլ հաշվի չառնենք, ապա լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ նույնիսկ սահմանային ակտիվության պարագայում պահեստազորի, աշխարհազորի մասնակի կամ ամբողջական ներգրավվումը դառնում է պահանջված։

Սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի մամուլի ասուլիսը։ Քննարկվող թեմաներն էին՝ աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները։ Պաշտպանության նախարարի տեղակալը հարցազրույցներ է տվել նաև մի շարք լրատվամիջոցների։

Հետաքրքրական է, որ աշխարհազորում հաշվառվելու են բացառապես այն մարդիկ, ովքեր պահեստազորում հաշվառված չեն, անգամ հաշվառվելու են որոշակի տարիքային շեմն անցած մարդիկ։ Նախատեսվում է ընդգրկել մինչև 70 տարեկան անձանց, ովքեր զորակոչվելուց հետո զինծառայողի կարգավիճակ են ստանալու։

Սեպտեմբերի 3-ին Կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել, ըստ որի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը տասը օր տևողությամբ:

Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գերասիմոս Ավլոնտիսին:

Հատկանշական է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 2-ին ընդունել է երկրում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահն անհանգստություն է հայտնել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի միջև ձևավորված ռազմական համագործակցության հարցով:

Սեպտեմբերի 1-ին անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի և ընդհանրապես Ադրբեջանում պահվող մյուս ՀՀ քաղաքացիներին և զինվորականներին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հայտնել է, որ Ալավերդյանի հարցի հետ կապված մեր կազմակերպությունն այս պահին գտնվում է երկխոսության մեջ երկու կողմի իշխանությունների հետ։ Իսկ մյուս քաղաքացիներին ու զինվորականներին այցելությունները պարբերական են լինում։

Վերադառնալով մեր զինված ուժերում շաբաթվա ընթացքում տեղի ունեցող անցուդարձին, նշենք, որ օգոստոսի 31-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային ելք, իսկ սեպտեմբերի 1-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ։

5-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրամանատարական կազմի և վարչակազմի սպաների մասնակցությամբ անցկացվել են շտաբային մարզումներ։

Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ:

Սեպտեմբերի 2-ին 4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի և ենթակա զորամասերի անձնակազմերի հետ անցկացվել են համալիր մարզումներ։

Անձնակազմի պատրաստության աստիճանն ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներում սեպտեմբերի 3-ին հայտարարվել է ուսումնական տագնապ։

2-րդ զորամիավորումում սեպտեմբերի 3-ին անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն: Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ:

Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին և հանդես եկել համառոտ ելույթով:

Ըստ Տոնոյանի՝ տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետեւանք է և առանցքային գործոնը անվտանգության հարցում ընդհանուր պատկերացումների ու ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է:

Գերմանական Spiegel–ը հայտնում է, որ Թուրքիան Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածքով ժամանել Հայաստան և ժամանակին տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին:

Գերմանացի զինվորականները միջադեպը համարում են Անկարայի կողմից դիտավորյալ սադրանք։ Լրատվամիջոցը հիշեցնում է Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, ինչպես նաև դիրքորոշումը Օսմանյան կայսրության կողմից 1915թ. կազմակերպված և իրականացված 1,5 միլիոն մարդու կյանք խլած Հայոց ցեղասպանության նկատմամբ, որը մինչև օրս թուրքական կառավարությունը հրաժարվում է ընդունել:

Eadaily.com կայքը գրում է, որ այս շաբաթ օդային շարժումների մշտադիտարկման ռեսուրսներն ադրբեջանական երկնքում նկատել են թուրքական Anka-S անօդաչու թռչող սարք: Այն նկատել են «Военный обозреватель» տելեգրամյան ալիքի հեղինակները, ինչը ռազմական փորձագետներին թույլ է տվել ենթադրել, որ այդ բազմաֆունկցիոնալ հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքերը համալրել են Ադրբեջանի զինանոցը:

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր է հարվածային ԱԹՍ-ներ ձեռք բերել Անկարայից:

Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով շարժվել են դեպի Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր:

Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակվողական, հետախուզական գործողություններ ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ 1 հազար զինծառայողներ մասնակցում են երկկողման գումարտակային մարտավարական վարժանքին, որին ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա ՝ ներառյալ կործանիչներ, ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև և անօդաչու թռչող սարքեր:

Պաշտպանության բանակի փոխանցմամբ, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Ըստ էության, ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս, ռազմական ոլորտին վերաբերվող թեմաները կրկին ակտիվ քննարկման առանցքում են եղել, առավել լայն քննարկվել է աշխարհազորի ստեղծման թեման ամենատարբեր տեսանկյուններից»:

--00--ԱԹ