Ընթացիկ խնդիրները լուծելու համար խաղաքարտեր բացելու անհրաժեշտություն չկա. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News 

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ նախագահ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Տավուշում ծավալված ռազմական գործողություններից հետո արտաքին քաղաքական օրակարգում լրացուցիչ երկու կարևոր հարց կա։ Առաջին, ե՞րբ են կողմերը վերադառնալու բանակցությունների սեղան և երկրորդ, ի՞նչ օրակարգի շուրջ։

Առաջինը կարևոր է հասկանալ, թե արդյո՞ք առհասարակ կողմերը ցանկություն ունեն վերադառնալու բանակցությունների գործընթաց, թե՞ մարտական գործողությունների հերթական ռաունդն է լինելու։

Երկրորդ, ինչպիսի՞ դիրքավորում են ապահովելու Հայաստանն ու Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ և վերադարձը ինչի շուրջ է լինելու։

Բավականին նուրբ ժամանակահատված է։ Հայաստանից, Արցախից և Ադրբեջանից հնչող ցանկացած հայտարարություն իր բոլոր ենթատեքստերով մեծ ազդեցություն է ունենալու հետագա զարգացումների վրա, առաջին հերթին պատասխանատվության տեսանկյունից։

Պետք է հաշվարկել բոլոր քայլերն ու հայտարարությունները երկարաժամկետ կտրվածքով։ Ընթացիկ, ոչ առաջնային խնդիրները լուծելու համար կարևոր խաղաքարտերը բացելու անհրաժեշտություն չկա»։

--00--ԱԹ