Թե՛ ներկաները, թե՛ նախկինները Քառօրյայի բացթողումներն օգտագործում են քաղաքական պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

Սահմանապահ համայնքների բնակիչներն իրենց վերմակի տակ պիտի զենք ունենան, սակայն  ՀՀ բնակչությանը համատարած զինելն այնքան էլ խելամիտ չէ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը՝ խոսելով աշխարհազորայինների՝ մշտական զենք կրելու իրավունքի մասին։

Նախկին հրամանատարը, սակայն, վստահ չէ, որ 100․000 հոգի կկամավորագրվի աշխարհազորին։

«Կարամ գռազ գամ, երկու տարի հետո 20․000 մարդ չեն ունենալու։ Մենք դեռ չենք դառել էն ազգը, որ լավ գիտակցում է՝ իր շրջապատի հետ ոնց պետք է խոսա։ Մեր չաղ ու բախտավոր, տաշի-տուշի ժողովուրդը 100․000-ով չի կամավորագրվի աշխարհազորին։ Նման ժողովուրդը չի նետվի զենքով առաջնագիծ»,- կարծում է նա։

Անդրադառնալով 2016թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ ծավալվող քննարկումներին՝ Վարտանովը նկատել է, որ պաշտպանական համակարգի հարցերը, այս դեպքում՝ Քառօրյայի բացթողումները, թե՛  ներկա, թե՛ նախկին իշխանություններն օգտագործում են քաղաքական պայքարի մեջ։

Ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած դիրքերի, դրանց նշանակության, հետախուզական տվյալների առկայության ու դրանց վերլուծության բացակայության, աշխարհազորի ստեղծման բարդությունների և այլ հարցերի մասին առավել ամփոփ՝ տեսանյութում։

--0--ԿԿ