Երկրի տնտեսական համակարգին հետագայում ևս ծանր փորձություններ են սպասվում. Իգոր Զարգարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Իգոր

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Իգոր Զարգարյանը վերլուծություն է ներկայացրել՝ կապված Հայաստանում տնեսական առկա իրավիճակի հետ:

Վերլուծությունը՝ ստորև.

«Քանի որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ տնտեսական ցուցանիշների նկատվող անկման մասին շատ փորձագետներ իրենց կարծիքը հայտնել են և ներկայացրել են համապատասխան թվեր, այս հոդվածում այդ տվյալները ես չեմ կրկնի:

Կարևոր է ՀՀ տնտեսության մեջ այսօրվա միտումներն ու իրողությունները հասկանալ այս տարվա մարտից ի վեր առաջացած իրական խնդիրների տեսանկյունից, իսկ ավելի ճիշտ՝ ապրիլից սկսած՝ մինչ այսօր շարունակվող։

Արտադրության ծավալները ՀՀ-ում ապրիլին նվազել են մարտի նկատմամբ՝ 7,7%, մայիսին՝ ապրիլի նկատմամբ ՝ 3,2%, հունիսին՝ մայիսի նկատմամբ՝ 1,6%, հուլիսին՝ հունիսի նկատմամբ՝ 2,3%:

Շինարարության ծավալները՝ ապրիլ-մարտ - 51%, մայիս-ապրիլ - 27%, հունիս-մայիս – 23,3%, հուլիս-հունիս -19,5%:

Ծառայությունների ոլորտը՝ ապրիլ-մարտ - 16,8%, մայիս-ապրիլ – 20,1%, հունիս-մայիս -16,2%, հուլիս-հունիս - 21,6%:

Անկումը շարունակվում է թվարկած գրեթե բոլոր ուղղություններով․ հատկանշական է, որ հուլիսի արդյունքները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երկրի տնտեսական համակարգին հետագայում ևս ծանր փորձություններ են սպասվում։

Եթե այս իրավիճակն արդարացնելու համար բերենք համավարակի փաստարկը, ապա կարող ենք պնդել, որ ամբողջ աշխարհում նույնպես ծանր իրավիճակ է, և այս տեսակետից՝ Հայաստանն ամենավատ վիճակում չէ, իսկ սպասողական դիրք գրավելը տնտեսական անվտանգության ոչնչացման ճանապարհը կլինի։ Եթե պաշտպանողական միջոցների մշակման գործում ակտիվ չլինեն նրանք, որոնք պատասխանատու են ցանկացած երկրում իշխանության համար, ապա դա յուրաքանչյուր պետության անվտանգության խաթարման ճանապարհ է։

Հիշենք, որ Հայաստանում իշխանությունները թերագնահատել էին համաճարակի վտանգը, վարել ու վարում են պասիվ տնտեսական քաղաքականություն ու գնում են օգնության խոստումների «կեղծ» ճանապարհով, իսկ տնտեսությունը պետք է ստանար ուղղակի ֆինանսական ներարկումներ, այնինչ կարողացավ միայն արտոնյալ տոկոսադրույքով վարկեր ստանալ, այն էլ՝ ոչ բոլորը։

Ժամանակին համազգային հասարակական պաշտպանության չմտածված գործողությունների պատճառով, համաճարակի ազդեցությունների հետևանքով մենք գրեթե կորցրել ենք մի ամբողջ ճյուղ՝ զբոսաշրջությունը, որի վերականգնման համար անհրաժեշտ են տիտանական ջանքեր և միջոցներ։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը, ի դեմս իր առաջնորդների, ոչ միայն ուշադրություն էր դարձնում այդ սպառնալիքներին, այլև դրանց կանխման և հաղթահարման լուծումներ էր առաջարկում։

Տնտեսության անկման արդյունքում, համապատասխանաբար, նվազել են հավաքագրվող հարկերի ծավալի ցուցանիշները, որը  կարող է հանգեցնել բյուջեի համալրման համար ավելի կոշտ ֆիսկալ միջոցների։

Իշխանություններն այսօր ճգնաժամից արագ ելք են խոստանում, իսկ մենք իրականում կանգնած ենք տարվա արդյունքներով 5-10% տնտեսական աճի անկման շեմին ։

Ի՞նչ է պետք անել այսօր՝

- բոլոր ոլորտների առանցքային ձեռնարկությունների և ներդրողների հետ երկխոսության միջոցով կազմակերպել մշտադիտարկումներ:

- կազմել ճգնաժամից դուրս գալու և ոլորտի աճի խթանման նպաստող

«ճանապարհային քարտեզ»:

- ՀՀ տնտեսության տարբեր ոլորտներում սկսել ֆինանսական ներդրումներ․ առաջին հերթին՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ունենալ մուլտիպլիկատիվ ազդեցություն հենց արդյունաբերության ներսում, անշուշտ, նաև համադաշնեցման այլ ոլորտների հետ համատեղ:

- պետության ներդրումները պետք է շարունակական և հիմնարար բնույթ

կրեն հետևյալ ոլորտներում՝

ա) զբոսաշրջության բնագավառում այդպիսի ներդրումներ պետք է լինեն

ենթակառուցվածքներում, զբոսաշրջային վայրեր տանող ճանապարհների կառուցման մեջ աղբից տարածքների , տոտալ մաքրման ուղղությամբ, (առաջին հերթին այն տեղանքները, որոնք այցելում են զբոսաշրջիկները), ցուցիչները և տեղեկատվական տվյալները պետք է լինեն առնվազն 3  լեզվով, հասարակական սննդի վայրերը պետք է հագեցած լինեն թագաժահրից կանխարգելիչ բոլոր միջոցներով և բավարարեն պարենային անվտանգության բոլոր պահանջները: Գովազդել Հայաստանը, որպես թագաժահրի դեմ ակտիվորեն պայքարող և յուրաքանչյուր զբոսաշրջիկին լիովին հոգատարությամբ շրջապատող երկիր;

բ) ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում և վերամշակող ձեռնարկություններում՝ պետությունից այդ հիմնարկների էկոլոգիական բաղադրիչի մեջ ներդրումներ կատարելու սկզբունքով՝ արդյունահանման և բազմակողմանի վերամշակման ծավալների ավելացմամբ, ինչպես նաև ապահովելով պետության ներդրումների երաշխավորված վերադարձ;

գ) գյուղատնտեսության մեջ՝ բարձրտեխնոլոգիական ինտենսիվ ագրոհամալիրի արագընթաց ստեղծման նպատակով խոշոր լոգիստիկ կենտրոնների և արտադրանքի երկարատև պահպանման վայրերի հետ, խոշոր ագրոընկերությունների մշակումն ու մանր, բայց առաջադեմ  տնտեսություններին դոտացիա տրամադրելով:

դ) ավիացիայի ոլորտում՝ բեռնափոխադրող ինքնաթիռների ձեռքբերում կամ վարձակալություն՝ հիմնական երկրների շուկաներ Հայաստանի արտադրանքի անխափան առաքման համար:

Ոլորտների ցանկը կարելի է շարունակել, բայց ամենագլխավորը՝ արդյո՞ք նշված խնդիրներն իրագործելի են, և եթե ոչ, ապա ի՛նչն է խանգարում։

Տեսականորեն, ըստ էության, դրանք իրագործելի են, սակայն մեր պետության մեջ դրան խանգարում են ներկայիս գործող իշխանություններին

բնորոշ հետևյալ գործոնները՝

 - կոռուպցիայի դեմ պայքարը երկրում ստեղծել է վախի մթնոլորտ․ընդ որում՝ ոչ միայն կոռուպցիոներների մեջ, այլև, օրինակ, այն պաշտոնյաների

շրջանում, որոնք կարո՛ղ են և պե՛տք է պատասխանատու որոշումներ

կայացնեն պետության կողմից ձեռնարկություններին ֆինանսական կամ այլ աջակցություններ ցուցաբերելու դեպքում:

- պոպուլիստական քաղաքականությանը և իշխանությունների հռետորաբանությանը չհամապատասխանող օրենսդրական ակտերի ընդունումը կամ արգելափակումը;

- ճգնաժամային արդի գործընթացների հաղթահարման ուղղությամբ պրոակտիվ դիրքորոշման բացակայությունը:

- «հեռացող գնացքի» վերջին վագոն նետվելու ակնհայտ միտումը, երբ անհրաժեշտ է անհետաձգելի  հիմնարար հակաճգնաժամային որոշումներ կայացնել;

- ընդդիմախոսներին լսելու և ընկալելու ունակության բացակայությունը:

- երկրի զարգացման երկարաժամկետ ծրագրերի և կայուն, բարեկեցիկ կամ ճգնաժամային իրավիճակներում կառավարության գործողությունների հնարավոր նախապատրաստված սցենարների բացակայությունը;

- պոպուլիստական քաղաքականությունը և այսրոպեական խնդիրների հարթումը, բայց ոչ հիմնարար պատասխանատու լուծումների ունակությունը,

- պետական կառավարման տարբեր ոլորտներում ղեկավարների լիարժեք բարձր մասնագիտական թիմի բացակայությունը (որոշ բացառություններով մի շարք նախարարություններում):

Թվարկված բոլոր գործոններն իրական վտանգ են ներկայացնում Հայաստանի տնտեսական անվտանգությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունն իր մշակած աշխատանքային ծրագրում և գործողություններում մշտապես առաջնորդվում է ՀՀ այսօրվա պետությունը տնտեսական անվտանգության կայուն համակարգով, ժամանակակից և բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու նպատակներով: Եվ դրան կարելի է հասնել այն դեպքում, երբ իշխանության ղեկին կգտնվեն բարձր կարգի մասնագետներ, որոնք ոչ միայն կունենան փորձառություն, այլև  կգիտակցեն ժողովրդի առջև իրենց գործողությունների համար պատասխանատվության մասին և բաց կլինեն բոլոր ուժերի առջև, որոնք նպատակ ունեն ապրել և արարել անբաժան սև–սպիտակ հասարակության մեջ»։

--00—ԼՄ