Եռաբլուրը Արցախի արևմտյան սահմանն է՝ ամենաամուրը. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

Արցախի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կուսակցության խորհրդի, մի խումբ անդամների ու աջակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ուղերձ հղել քաղաքացիներին։ Ինչպես հայտնում են «Հայրենիք» կուսակցությունից, Արթուր Վանեցյանի ուղերձում ասված է.

«Այսօր ԼՂՀ հռչակման օրն է, տոն է բոլորիս համար, վերջին 30 տարիներին հայ ժողովրդի հավաքական ամենամեծ ձեռքբերումն ազատ ու անկախ Արցախի գոյությունն է, հայոց բանակի կայացումը, մեր միասնական հայրենիքի երկու հատվածներում պետականության ամրապնդումն ու հզորացումն է: Եռաբլուրը Արցախի արևմտյան սահմանն է, ամենաամուրը, որ ստիպում է ամեն օր ավելի ու ավելի ամրանալ արևելյանին՝ առաջնագծին:

Հարգանքի և խոնարհումի տուրք մատուցելով Արցախյան գոյապայքարում իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակին՝ այսօր մենք վճռական նայում ենք առաջ ու հիշում, որ Արցախի անկախության հռչակման այդ պատմական փաստաթուղթը դեռ սպասում է իր լիարժեք կենսագործմանը, հատկապես Շահումյանի շրջանի և Արցախի օկուպացված մյուս հատվածների վերադարձին։ Փառք ու պատիվ մեր տղաներին, սահմանում կանգնած սպաներին ու զինվորներին, փառք ու պատիվ մեր բանակին։

Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս փառահեղ օրվա կապակցությամբ, մաղթում եմ մեր հայրենիքին խաղաղություն, միասնականություն և նորանոր հաղթանակներ»:

--00--ԱԹ