Ոչ պետական քոլեջների նախորդ տարիների շրջանավարտները պետական նմուշի դիպլոմ կստանան

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

դիպլոմ

Սեպտեմբերի 7-ից մեկնարկում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելությունը` պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով:

Ըստ գործող կարգի` այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման գործընթացը, հետևաբար, սա պետական ատեստավորման քննություններին մասնակցելու և պետական նմուշի դիպլոմ ստանալու վերջին հնարավորությունն է:

Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված ընթացակարգի`պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 16-ը ներառյալ` ժամը 1000-1700 (բացի շաբաթ և կիրակի օրերից), (հասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, 502 սենյակ, ընդմիջում` ժամը 13:00- 14:00):

  • Պետական ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու համար պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական հաստատության շրջանավարտը սահմանված ժամկետում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացնում.
  • լրացված դիմում-հայտ՝ համաձայն Ձև 1-ի (կցված է):
  • ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ու ներդիրի (միջուկի) (չներկայացնելու դեպքում բացատրություն` ներդիրի բացակայության վերաբերյալ) բնօրինակները և պատճենները.
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը.
  • 2 լուսանկար (3 X 4 չափի):
  • Դիմում-հայտը լրացնում և պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է շրջանավարտը կամ նրա լիազորված անձը:
  • Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)599-623 հեռախոսահամարով կամ օգտվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության escs.am կայք-էջից:

-- 00—ՄՀ