Ռուսաստանը միակ երկիրն է, որ ունակ է զսպել Թուրքիայի նկրտումները. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած բախմանը:

«Հնարավոր է՝ չարժեր այդ բախման մասշտաբները չափազանցնել և այդպես չէր էլ արվի, եթե  չլիներ մշտական վտանգը, որ ցանկացած նման բախում կարող է վերաճել լայնամասշտաբ կոնֆլիկտի, օբյեկտիվորեն նման վտանգ կա անընդհատ, շփման գծի ամբողջ երկայնքով: Դրանով էլ բացատրվում է Ռուսաստանի, միջնորդների այդ արագ արձագանքը՝ կրակն այժմ հանգցնել, որ ավելի մեծ հրդեհի վտանգ չլինի մեկ կամ երկու շաբաթ անց»,- ասել է նա:

Քոչարյանի խոսքով՝ ինքնին այս հակամարտության մասշտաբը մեծ չէր, այն անհամադրելի էր 2016-ին տեղի ունեցածի հետ:

«Ամեն դեպքում, եղել են զոհեր: Բայց լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգը միշտ կա, դրանով էլ բացատրվում է ԶԼՄ-ների և միջազգային հանրության այդ զգայուն արձագանքը»,- նշել է նա:

Լրագրողը հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայ-ադրբեջանական սահմանային այդ լարվածության հարցում Թուրքիայի գործոնը կա: Հարցին՝ համաձա՞յն է այս տեսակետի հետ, Քոչարյանը պատասխանել է.

«Եւ այո, և ոչ: Թուրքիան իրեն դրսևորեց ծայրահեղ ագրեսիվ և կտրուկ՝ այս կոնֆլիկտի ընթացքում, դա ճիշտ է, բայց ես տեղեկություն չունեմ, որ Թուրքիան է հրահրել այդ բախումը: Ինձ թվում է՝ այն տեղի է ունեցել պատերազմող կողմերի՝ առաջնագծի ամրապնդման տրամաբանությունից ելնելով: Թուրքիայի մասնակցությունը, սակայն, հարցեր է առաջ բերում, մեզ համար դա խնդիր է, այդ պատճառով էլ մենք հիվանդագին ենք արձագանքում: Թուրքիան միշտ աչք է ունեցել Հարավային Կովկասի վրա, այժմ փորձում է իր ներկայությունն ու ազդեցության գոտին այստեղ ընդլայնել, տեղի ունեցողը տեղավորվում է այդ ձգտումների մեջ: ՌԴ-ն միակ երկիրն է, որ զսպում է և ունակ է զսպել Թուրքիայի այս նկրտումները»:

Քոչարյանը նշել է՝ Բրյուսելը, Վաշինգտոնն այդ առումով չեն աշխատում, կամ աշխատում են կես, քառորդ ուժերով կամ ավելի քիչ: 

«Բլիթը չի աշխատում, մտրակը չի հասնում: Երբ պապը ծերանում է ու մառազմատիկ դառնում, թոռները դադարում են նրան լսել, կյանքից վերցրած պատմություն է՝ միջազգային ասպարեզում»,- նշել է երկրորդ նախագահը: Լրագրողի ճշտող հարցին՝ այս պատմության մեջ պապն Ամերիկա՞ն է, Քոչարյանը պատասխանել է. «Ինքներդ հասկացեք»:

Անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմանը՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել է՝ Ադրբեջանի այն դիրքորոշման պայմաններում, որ այսօր բարձրաձայնվում է, ինքը պարզապես չի տեսնում՝ ինչ կերպ կարող է տեղի ունենալ այդ կարգավորումը:

«Կա պարզապես փաստ: ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, դա փաստ է, ԼՂՀ ստեղծման իրավական հիմքերն անթերի են, ես գրել եմ այդ հռչակագիրը, ԽՍՀՄ այն ժամանակվա սահմանադրությունը ինքնավար հանրապետություններին թույլ էր տալիս հանրաքվեի միջոցով որոշել իրենց ճակատագիրը: Հաջորդ գործոնը ԼՂՀ գրեթե 30-ամյա գոյության փաստն է: Ընդ որում՝ այն արդյունավետ զարգանում է և էլ ավելի արդյունավետ պաշտպանում իր սահմանները, իսկ Բաքուն այսօր հերքում է 30-ամյա օբյեկտիվ իրականությունը»,- ասել է նա:

--00--ԱԹ