Մահաբեր օղին գաղտնի չի արել, տարիներով է զբաղվել այդ գործով. Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

խմիչք

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արմավիրում տնայնագործ օղի վաճառող քաղաքացու գործունեության վերավերյալ, որը 11 մարդու մահվան պատճառ է դարձել:

«Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են:

Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին:

Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:

Սա խայտառակ երևույթ է:

Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով:

Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ:

Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:
Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում:

Արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս վիճակը:

Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում:

Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:

Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:

Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը»:

--00—ԼՄ