Կասեցվել է 2 ռեստորանում բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսավարողների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News     

կասեցում

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ծանուցվել են հանրապետության սննդի ոլորտում գործող՝ ՀՀ պարետի սահմանած կանոնները նախորդիվ խախտած մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառված կասեցման որոշումները:

Օրեր առաջ տեղեկացրել ենք այն մասին, որ «Դվին» հյուրանոցի «Մյուզիք Հոլլ» սրահում եւ «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը: Երկու միջոցառումների կապակցությամբ էլ ՍԱՏՄ տեսուչները կազմել էին արձանագրություններ, որոնց հիման վրա այդ տնտեսավարողների գործունեությունը դադարեցվել է 24 ժամով:

Կասեցումներ եղել են նաեւ մարզերում:

ՍԱՏՄ մասնագետների այսօրվա լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում արձանագրել է ամենատարբեր խախտումներ՝ թերի են եղել ախտահանման ու ջերմաչափման մատյանների գրառումները, ոչ բոլոր նախատեսված տեղերում են առկա եղել փակ աղբամաններ եւ ախտահանիչ միջոցներ, հանրային սննդի որոշ կետերում չեն ջերմաչափվել հաճախորդները: Այդ օբյեկտների կապակցությամբ ՍԱՏՄ-ն կասեցման միջնորդություններ կներկայացնի պարետատուն:

Վերահսկողական աշխատանքները կշարունակվեն: Տեսչական մարմնի ներկայացուցիչները տվել են խախտումների վերացման ցուցումներ եւ խորհրդատվություն՝ վստահեցնելով, որ ստուգայցեր ու կրկնայցեր լինելու են եւ՝ անակնկա՛լ:

-- 00—ՄՀ