ԵՄ -ն նոր դրամաշնորհ կտա՝ 2,662,985.40 եվրո՝ կրթական նորարարությունների համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

հասարակական

Կառավարության վերջին նիստի ընթացքում հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ - համաձայնագրի ստորագրման առաջարկությունը, որով 2,662,985.40 եվրո արժողությամբ դրամաշնորհ կտրամադրվի նոր ստեղծվելիք «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի կարողությունների հզորացմանը։ Դրամաշնորհը կծառայի նաև Տավուշի մարզում ԳՏՃՄ առարկաների կրթական միջավայրի բարելավմանը, հիմք հանդիսանալով մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներին համապատասխան լաբորատոր սարքավորումներով և գույքով, համակարգչային տեխնիկայով ապահովմանը։

«ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության որակի վրա ազդող հիմնական քաղաքականությունների զարգացումն ու կառավարումը, ինչպես նաև բարելավել Հայաստանի ընտրված մարզերում բնագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և մաթեմատիկա (ԲՏՃՄ) կրթության ուսումնամեթոդական միջավայրը։

«ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ-համաձայնագրի ստորագրմամբ ուսուցման ընդհանուր որակի և ԲՏՃՄ կրթության վրա ներազդող քաղաքականության համապարփակ կարգավորման միջոցով բարենպաստ պայմաններ կստեղծվեն ՀՀ կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի կարողությունների զարգացման համար։ Փոքր աշխատանքների ֆինանսավորումն և նյութատեխնիկական միջոցների տրամադրումը միաժամանակ կնպաստի ԲՏՃՄ առարկաների ուսուցման և ուսումնասիրության նոր մոտեցումների ներդրմանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են ՝ «ԵՄ-ն հանուն նորարարության. գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ) ոլորտներում կրթության բարելավում» դրամաշնորհային փորձնական ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2020 թվականին՝ դրամաշնորհային ծրագրի անհրաժեշտ իրավական փաստաթղթերի վավերացումից հետո: Ծրագիրը միտված է լինելու նոր ստեղծվելիք «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի կարողությունների հզորացմանը՝ ձևավորելով և ներդնելով դասավանդման որակի վրա ազդող մեխանիզմներ, ինչպես նաև Տավուշի մարզում ԳՏՃՄ առարկաների կրթական միջավայրի բարելավմանը՝ մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներին համապատասխան լաբորատոր սարքավորումներով և գույքով, համակարգչային տեխնիկայով ապահովելու միջոցով։

Մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործընթացները տարիներ շարունակ իրականացրել է Կրթության ազգային ինստիտուտը, որը, սակայն, ունեցել է սահմանափակ կարողություն՝ ձևավորելու ուսուցիչների մասնագիտական զարգացման առավել արդյունավետ մեխանիզմներ: Բացի այդ, 2000-ականներից ի վեր հավաստագրման և դասագրքերի փորձաքննության ուղղությամբ ստեղծվել են մի շարք այլ մասնագիտացված կառույցներ: Կրթության ազգային ինստիտուտը իրականացրել է մեծածավալ վերապատրաստումներ, սակայն վերապատրաստումների ազդեցությունը ուսուցչի պրակտիկայի և սովորողների կրթական վերջնարդյունքների վրա դեռևս կարիք ունի գնահատման:

«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ը, որը ստեղծվելու է Կրթության ազգային ինստիտուտի հենքի վրա, պետք է իրականացնի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական կատարելագործման գործառույթները: Ընդ որում, ուսուցիչների մասնագիտական զարգացման և կատարելագործման գործընթացը, որը ներառելու է գիտելիք, պրակտիկա և ուսուցչից պահանջվող մասնագիտական ներգրավվածություն, պետք է ուղեկցվի միջազգային լավագույն փորձի, շահառուների խորհրդատվությունների, ինչպես նաև նոր չափորոշիչներով սահմանված պահանջների համաձայն: Նոր ծրագրի շրջանակներում նախատեսվում է հստակ մշակել և սահմանել ուսուցիչների վերապատրաստում իրականացնողների հավաստագրման չափանիշներ՝ ներդնելով որակի ապահովման հստակ մեխանիզմներ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով գնահատել և մշտադիտարկել վերապատրաստման դասընթացների որակը: Նոր կառույցի ստեղծումը, թերևս հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ուսուցիչների որակավորման բարձրացման և դասավանդման նորարարական մեթոդների կիրառման խնդիրները հանդիսանում են ՀՀ հանրակրթական համակարգի առաջնահերթություններից մեկը:

Ինչ վերաբերում է ծրագրի երկրորդ բաղադրիչին, այն է՝ Տավուշի մարզում գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԳՏՃՄ) կրթության ուսուցման միջավայրի բարելավմանը, ապա դեռևս 2019 թվականից ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի աջակցությամբ, «Հայաստանում ԵՄ-ն ի նպաստ նորարարության. առարկաների կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ԳՏՃՄ առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման գործընթացը, իսկ մշակված առարկայական չափորոշիչների փորձարկումը և ներդրումը նախատեսվում է մեկնարկել Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում: Նոր մեկնարկելիք ծրագրի երկրորդ բաղադրիչը նպատակաուղղված է լինելու Տավուշի մարզի հիմնական և միջնակարգ դպրոցներին (ավագ դպրոցների սարքավորումներով և գույքով համալրումը իրականացվել է Կրթական ծրագրերի կենտրոնի կողմից Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում) համապատասխան համակարգչային տեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով ու գույքով ապահովելուն՝ մշակված առարկայական չափորոշիչների փորձարկման և ներդրման համար ապահովելով անհրաժեշտ նյութատեխնիկական հենք: Նորագույն, միաժամանակ աշակերտակենտրոն մոտեցումների ներդրումը, որը, համաձայն հետազոտությունների, դրական ազդեցություն է ունենում աշակերտների մոտիվացիայի վրա, պահանջում է կրթական համապատասխան միջավայրի առկայություն՝ անհրաժեշտ տեխնիկայի և կրթական ռեսուրսների առկայությամբ: Ընդ որում, համաձայն արված հետազոտությունների, մարզային դպրոցները քիչ են ապահովված անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ ունենալով դասապրոցեսում դրանց կիրառման որոշ դժվարություններ:

Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սպասվող հիմնական ձեռքբերումները կլինեն այն, որ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ը ձեռք կբերի համապատասխան կարողություններ՝ ապահովելու ուսուցիչների մասնագիտական զարգացման որակի ապահովումը, ինչպես նաև Տավուշի մարզի համապատասխան դպրոցները կապահովվեն ԳՏՃՄ ոլորտի առարկաների համար անհրաժեշտ համակարգչային տեխնիկայով, լաբորատոր սարքավորումներով և գույքով՝ նպաստելով այս ուղղությամբ կրթության որակի և բովանդակության արդիականացմանն ու կատարելագործմանը: 

--0--ԿԿ