Նարեկ Սարգսյանին քաղաքացիական այլ հիվանդանոց տեղափոխելու համար դիմում են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

ֆրանկլին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի (Ֆրանկլին Գոնսալես) գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին hraparak.am-ին հայտնել է նրա պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ նախաքննության ավարտին երկար ժամանակ չի մնացել, բայց նախաքննության ավարտի մասին իրենց չեն հայտնել։  Այս փուլում քննչական գործողություններ ընթանում են: 

«Եղել են քննչական գործողություններ, վերջին ժամանակներում չկան, չգիտեմ՝ ինչի, գուցե քննիչն այնպիսի քննչական գործողություններ է անում, որոնց մենք չենք մասնակցում»,-ասել է պաշտպանը և տեղեկացրել, որ կալանավորման ժամկետի որոշման վերաբերյալ բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան, սակայն դեռևս հայտնի չէ՝ ում է մակագրվել։

Ինչ վերաբերում  է Նարեկ Սարգսյանի առողջական վիճակին, ապա նա մշտապես դեղորայքներ է ընդունում:

«Նա տեղափոխվեց քաղաքացիական հիվանդանոց, ստուգումներ անցավ: Առողջական խնդիրների հետ կապված՝ դիմել ենք վարույթն իրականացնող մարմնին, որպեսզի տեղափոխենք մեկ այլ քաղաքացիական հիվանդանոց՝ ավելի մանրակրկիտ հետազոտություններ անցնելու հետ կապված»,-ասել է պաշտպանը։

Թե ինչ հիվանդանոց են ուզում տեղափոխել, ինչպիսի առողջական խնդիրների մասին է խոսքը, պաշտպանը չի մեկնաբանել։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու, պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Նա 2018 թվականի հուլիսից հետախուզվում էր։ Հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ի դեկտեմբերին արդեն արտահանձնվեց Հայաստանին։ 

--00—ԼՄ