Մենք երբեք չենք հրաժարվելու այն պահանջներից, որոնք կապված են Սևանի փրկության հետ․ Վարագյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Վարագյան

Մենք երբեք չենք հրաժարվելու այն պահանջներից, որոնք կապված են Սևանի փրկության հետ, և դրա համար այսօր էկոերթ ենք իրականացնելու Սևանի ավազանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում ասել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Նրա խոսքով՝ առավոտից պտտվել են մի շարք տեղամասերով, և երթը շարունակելու են մյուս մասերում ևս։

«Առաջիկա 1-2 ամսվա ընթացքում հետևելու ենք այն աշխատանքներին, որոնք իբրև թե իրականացվում են: Ինչու՞ եմ ասում իբրև, որովհետև ես, փաստացի, կանգնած եմ Դարանակ և Բամբակ գյուղերի մեջտեղում, որտեղ հսկայական ճահճուտներ են առաջացել։ Այստեղ հրատապ մաքրման կարիք կա։ Մենք տեսել ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխատանքի իմիտացիա է ստեղծվում, բայց աշխատանքը պետք է լինի Սևանի ավազանից ոչ թե մեկ երկու տնակ ապամոնտաժելով, այլ ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները իրականացնելով»,- ասաց Վահագն Վարագյանը։

Նրա խոսքով՝ այսօր «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման անդամները Սևանի տարբեր հատվածներից լուսանկարներով և ուղիղ եթերներով դիմելու են հասարակությանը և այն անձանց, ովքեր հետաքրքրված են Սևանի հիմնախնդիրներով։

«Շարժման անդամները, որոնք կտեսնեն այնպիսի տարածքներ, որտեղ կան անտառային շերտեր ու գտնվում են լճի տակ, ու այս պահին մաքրման աշխատանքներ չեն իրականացվում, կամ տարածքներ, որոնք ճահճի են վերածվում, ապա այդ մարդիկ լուսանկարներով կիսվեն և տարածեն համացանցում, որպեսզի կարողանանք պատկան մարմինների ուշադրությունը գրավել»,- ասաց Վահագն Վարագյանը։

--00--ԱՀ