ՔԿՀ 2 ծառայողներին ձերբակալելու հաղորդագրությունից հետո հիստերիա են բարձրացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

գոռ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեկ մեղադրյալ Վահագն Աբգարյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշված ՔԿՀ երկու ծառայողներին ձերբակալելու վերաբերյալ դատախազության հաղորդագրության տարածումից հետո առանձին շրջանակներ, այդ թվում՝ Վ. Աբգարյանի պաշտպանությամբ զբաղվող անձինք, իրենց յուրահատուկ ոճով, հիստերիա են բարձրացրել այն կապակցությամբ, թե իբր, խեղաթյուրվել են դեպքի իրական հանգամանքները և փորձ է արվում քննությունը տանելու դատախազության և նախաքննական մարմնի համար ցանկալի հունով։

Աբսուրդային նման պնդումները, իհարկե, որևէ հիմք չունեն և բխում են բացառապես, որպես կանոն, կոռեկտության ու էթիկայի սահմաններն անցնող՝ դատախազության հասցեին վաղուց ի վեր հնչող լուտանքների, թիրախավորված անձնավորված վերաբերմունքի տրամաբանությունից, որին արձագանքելն անգամ ցածր է դատախազությունը ներկայացնող ցանկացած մեկի արժանապատվությունից։

Այդուհանդերձ, հարկ եմ համարում նշել, որ այդ քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ողջ ծավալով, դատախազությունը հետամուտ է դեպքի բոլոր հանգամանքների, այդ թվում նաև պաշտոնատար այլ անձանց հնարավոր ներգավվածության իրական հանգամանքների, դեպքի վայրի, վնասվածքների բնույթի հետ կապված լիարժեք բացահայտման և կատարվածին իրավական գնահատական տալու հարցում։

Նախաքննական տվյալների հրապարակման հարցում կաշկանդված լինելով՝ ցավոք , այս պահին հավելյալ քրեական գործից տեղեկատվություն չեմ կարող տրամադրել։

Սակայն հասարակությունը, ի վերջո, համոզվելու է ինչպես լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ քննության անցկացման, այնպես էլ դրա կոնկրետ հիմնավորված արդյունքների հարցում։

Սակայն որքան խոսուն, նույնքան էլ ցավալի է, որ գործը և իրականացվող քննությունը շահարկումների առարկա դարձնող վերոնշյալ շրջանակները, որոնք սիրում են վերամբարձ արտահայտություններ անել Վ. Աբգարյանի՝ քրեական ենթամշակույթի հետ կապ չունենալու մասին, օդում կախված տվյալներով համեմված տեղեկություններ շրջանառության մեջ դնելով հանդերձ, նույնպիսի ջանասիրություն չեն դրսևորում իրենց պաշտպանյալին հորդորելու՝ իրեն հայտնի տվյալների մասին ցուցմունքներ տալու և այդ կերպ քննությանն օժանդակելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ նախաքննական մարմինը և դատախազությունը, առանց այդ էլ, անում ու անելու են ամեն ինչ գործի լիարժեք բացահայտումն ապահովելու համար»։

--00—ԼՄ