Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News 

ծառ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը 2020թ. մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսե­ղի ան­­տառ­տնտե­սության» մասնա­ճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնի տարածք և բեն­զա­­սղոցի գոր­ծա­դրմամբ ապօրինի հատել  տարբեր տեսակի ծառեր: Այնուհետև, իր 24-ամյա ընկերոջ ավտոմեքենայով փայտանյութը տեղափոխել է Լոռու մարզի Լորուտ վար­­չական շրջանի տարածքում գտնվող կարի գործարանի տարածք` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով  զգալի չափերի նյութական վնաս:

2020թ. մարտի 5-ին, 51-ամյա բնակիչը  իր վերոնշյալ ընկերոջը հավաստիացրել է, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական ճա­նա­պար­հով, ունի համապատասխան փաստաթուղթ, նրա հետ միասին նույն գործարանի տարածքից փայ­տանյութը բեռնել են իրեն պատկանող «Զիլ 130» համա­րանիշի բեռ­նատար ավտոմեքենան, որից հետո  միայնակ ուղևորվել է դեպի Վանաձոր քաղաք: ՀՀ ոստիկանության աշխատակիցների ավտոմեքենան կանգնեցվել է, ենթարկվել ստուգման և, փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ համապատասխան փաստաղթերի բացակայության պատճառով, տեղափոխվել  Ոստիկանության տուգանային հրապարակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 

-- 00—ՄՀ