Պայթյունից տուժածներից մեկը պատրաստվում է վիրահատության, մյուսի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

հիվանդանոց

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ռայնիսի փողոցի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած կնոջ վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության. նա այս պահին պատրաստվում է վիրահատության։ Այդ մասին 24News-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Անդրադառնալով նույն միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդու առողջական վիճակին՝ Նիկողոսյանն ասաց, որ ինկուբացրել են, հրավիրվել է այրվածքաբան։

«Քանի որ մեր Այրվածաքաբանության ազգային կենտրոնն այս պահին կորոնավիրուսով հիվանդներին է սպասարկում, այնտեղից այվածքաբանին հրավիրել ենք այս բուժհաստատություն։ Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն արվում են, սակայն տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-նշեց խոսնակը։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։  

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փլատակների տակ էին մնացել երեք քաղաքացիներ, որոնցից մեկին փրկարարները հայտնաբերել էին մահացած։

--00—ԼՄ