Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

դպրոց

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Քանի որ ինձ շատ են հարցնում, թե որոնք են դպրոցների վերաբացման վերաբերյալ ԱՀԿ խորհուրդներն ու ուղեցույցները, ստորև մի քանի համառոտ կետով ներկայացնեմ․

Վարքագծային նորմեր

Պետք է հաշվի առնել աշակերտների տարիքն ու կարողությունը՝ կիրառվող միջոցները հասկանալու և պահպանելու համար: Փոքր տարիքի երեխաների համար կարող է ավելի դժվար լինել պահպանել ֆիզիկական հեռավորություն կամ դիմակը պատշաճ օգտագործել:

Հիգիենա և առօրյա գործողություններ

Հարկավոր է պահպանել ձեռքերի հիգիենայի և շրջակա միջավայրը մաքուր պահելու միջոցառումները՝ հիվանդության հետ անմիջական շփումը սահմանափակելու նպատակով: Դպրոցներում պետք է կազմակերպվեն անձնակազմի և աշակերտների վերապատրաստման դասընթացներ, պետք է հետևել ամենօրյա մաքրության ժամանակացույցին, ձեռքերի հիգիենայի միջոցների առկայությանը և դիմակների օգտագործման վերաբերյալ պետական ուղեցույցին։

Դպրոցները պետք է պարտադրեն «հիվանդ լինելու դեպքում տանը մնալու» քաղաքականությունը։

Ֆիզիկական հեռավորություն

Մարդկանց միջև առնվազն 1 մետր ֆիզիկական հեռավորությունը անհրաժեշտ է պահպանել դպրոցի տարածքում և դասասենյակներում: Սա ներառում է գրասեղանների միջև տարածությունների ընդարձակում, ընդմիջումների, դասամիջոցների և նախաճաշի ընդմիջումների երկարաձգում՝ սահմանափակելով դասարանների ու տարիքային խմբերի միավորումը, նախատեսելով փոքրաթիվ աշակերտներից բաղկացած դասարաներ կամ այլընտրանքային հաճախելիության ժամանակացույցեր, ինչպես նաև դասասենյակների օդափոխություն:

Հեռավար ուսուցում

Առցանց և հեռավար ուսուցման տարբերակները, ինչպիսիք են առաջադրանքների և դասերի հեռարձակումը ռադիոյով կամ հեռուստատեսությամբ, ինչպես նաև հետագա հաճախակի օժանդակությունը պետք է հարմարեցվեն իրավիճակին»:

--00--ԱԹ