Ժամանակն է հաշիվ պահանջելու մեր կառավարիչներից․ կորցնում ենք մեր որդիներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասեմ թե ինչ պետք է անի Հայաստանի ղեկավարը.

1. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պարտավոր է դիմել իր կողմից անչափ կարևորվող միջազգային հանրությանը` նրա ականավոր դեմքերին` Մակրոնին, Հռոմի Պապին, Մերկելին և մի շարք այլ հայտնի համաշխարհային քաղաքական ու մշակութային առաջնորդների` խնդրանքով` կազմակերպել հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների վերադարձ Հայաստան: Դա հնարավոր է անել և գլուխ բերել, եթե լուրջ և գրագետ աշխատանք կատարվի այդ ուղղությամբ:

2. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պարտավոր է հաստատել հատուկ կարգ` դիրքերում ծառայություն իրականացնելու, միայնակ ոչ մի քայլ չանելու և տեղորոշման անհատական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ: Ներդնել նաև անվտանգության, տեղորոշման և թշնամու դիվերսիոն-առևանգման խմբերից պաշտպանվելու` սահմանամերձ բնակչության հատուկ կրթական ծրագիր:

3. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պարտավոր է այլևս դադարել սեփական գերիներին դավաճանելու քաղաքականությունն ու թշնամու դիակները հենց այնպես` հանուն անհայտ ուժերին բարի առաջնորդ երևալու` չնվիրել-չվերադարձնել թշնամուն` միաժամանակ նրա ձեռքում թողնելով մեր կենդանի հայրենակիցներին:

4. Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ժողովրդին` թե ինչ է արել և անում մինչ այսօր` հայ գերիներին ազատելու ուղղությամբ:

Ասեմ նաև թե ինչ է լինելու:

Ոչինչ էլ չի լինելու:

Ոչինչ էլ չի արվելու:

Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը, ինչպես իր ստերի գերի դարձած սեփական ժողովրդին, այնպես էլ` թշնամուն գերի ընկածներին շարունակելու է դավաճանել` ոչինչ չանելով` փոխարենը ասֆալտապատումը ազգապատում դարձնելով:

Վերջապես ժամանակն է հաշիվ պահանջելու մեր կառավարիչներից: Պատասխանատու՞ է արդյոք մեկը սահմանային այս անհեթեթ կորուստների համար, թե՞ չկան պատասխանատուներ և կորողները կամ առևանգվողներն են մեղավոր:

Սթափվե՜նք վերջապես: Կորցնում ենք մեր որդիներին, մեր եղբայրներին և իհարկե մեր պաշտպաններին:

Ի՞նչ ենք մենք անում` ստեղծված անտերությունը դադարեցնելու համար»: 

-- 00—ՄՀ