Ջո Բայդենը՝ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News 

Բայդեն

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը տեղեկացնում է, որ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչվել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու:

Օգոստոսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Միլվուկի քաղաքում տեղի ունեցավ Դեմոկրատան կուսակցության ազգային համագումարը։ Դեմոկրատական ազգային համագումարի ժամանակ Դեմոկրատական կուսակցությունը համախմբվում է պաշտոնապես հայտարարելու իրենց կուսակցության թեկնածուներին։ Թեև արդեն ակնհայտ էր, որ դեմոկրատների 2020թ․ նախագահի թեկնածուն Ջո Բայդենն է, այնուամենայնիվ այդ մասին պաշտոնապես հայտարարվեց միայն օգոստոսի 18-ին Դեմոկրատական ազգային համագումարի անցկացման 2-րդ օրը։ Համագումարի ժամանակ նաև ներկայացվում են կուսակցության արժեքները և քաղաքականության առաջնահերթությունները, որոնցով նրանք տարբերում են իրենց հակառակորդ Հանրապետական կուսակցությունից։

Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումներն ու մտավախությունները հաշվի առնելով՝ միջոցառմանը անձամբ մասնակցում էին միայն այն մարդիկ, ովքեր կապ ունեին միջոցառման կազմակերպչական աշխատանքների հետ։ 50 հազար և ավել մարդկանցով ելույթներով, ընդունելություններով և հավաքներով ավանդաբար անցկացվող համագումարի փոխարեն այս տարի այն հեռարձակվեց Դեմոկրատական կուսակցության սոցիալական ցանցի ալիքներով և ԱՄՆ լրատվական ալիքներով։ Դեմոկրատական ազգային վիրտուալ համագումարը սկսվեց երկուշաբթի և հիմնականում կենտրոնացած էր նախագահ Թրամփի քննադատության վրա՝ արտահայտված տարբեր հայտնի մասնակիցների կողմից, ներառյալ ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի, ով նշեց, որ Թրամփն անկարող է բավարարել Ամերիկայի պահանջները, իսկ Բայդենը կառաջնորդի ռասսակայան արդարադատության հարցում և կմեղմի կորոնավիրուսի համավարակը, քանզի, ըստ Օբամայի, Թրամփը սխալ է գործել համավարակի հարցում և ձախողել է արձագանքել սևամորթ ամերիկացիների մահերին։ Մինչ դեմոկրատները կսկսեին իրենց համագումարը, Թրամփն այցելեց Մինեսոտա, որտեղ նա գրեթե հաղթել էր 2016թ.-ի ընտրությունների ժամանակ, և Վիսկոնսին, որտեղ ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել համագումարը՝ կորոնավիրուսի համավարակի բռնկումից առաջ։ Իր ելույթների ընթացքում նախագահ Թրամփը քննադատեց Բայդենին՝ նշելով, որ ոչ մեկն ապահով չի լինի Բայդենի կողմից առաջնորդվող Ամերիկայում։

Ինչ վերաբերում է Ջո Բայդենին, ապա սա նախագահ դառնալու նրա առաջին փորձը չէր։ Նախկին երկու նախագահական քարոզարշավները, սակայն, հաջողությամբ չէին պսակվել. առաջինը՝ 1988թ․ պայմանավորված գրագողության սկանդալով, իսկ երկրորդը՝ 2008թ․, երբ Բայդենի մրցակիցներն էին նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և նախկին նախագահ Բարաք Օբաման։

Դեմոկրատական համագումարի ժամանակ իր աջակցությունը Ջո Բայդենին հայտնեց նաև Բուշի վարչակազմի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը, ով հանրապետական է։ Մինչ այդ նա ևս իր աջակցությունն էր հայտնել Ջո Բայդենի թեկնածությանը։

Դեմոկրատական ազգային համագումարի երկրորդ օրը նախկին երկրորդ տիկին Ջիլ Բայդենը հանդես եկավ ելույթով Դելավերի ավագ դպրոցից, որտեղ նա նախկինում դասավանդում էր։ Նա խոսեց իր ընտանիքի և ազգի կորստի ու ողբերգության մասին՝ նշելով, որ «ինչպես կոտրված ընտանիքն են ամբողջացնում, միևնույն ձև էլ՝ ամբողջ ազգը։ Դա անում են սիրո, փոխըմբռնման և բարության փոքր դրսևորումների միջոցով քաջությամբ և անկոտրում հավատով»։ Ջիլ Բայդենը հայտարարեց, որ անհրաժեշտ է ունենալ «ազգին արժանի ղեկավարություն․․․որը Ջոն է։ Նա և Քամալան տքնաջան կաշխատեն․․․այս պետությունը ավելի լավը դարձնելու համար»։

Համագումարի երկրորդ օրը դեմոկրատական կուսակցության 16 այլ խոստումնալից անհատների հետ միասին, ելույթով հանդես եկավ ազգությամբ հայ Մարի Մանուգյանը, ով Միչիգանի օրենսդիր մարմնում ամենաերիտասարդն է։ Վերջինս քննադատեց Թրամփին կորոնովիրուսին արձագանքելու հարցում պլան չունենալու համար և գովաբանեց Բայդենին, ով փորձում է մարդկանց միավորել բաժանելու փոխարեն։

Մեկ այլ արմատներով հայ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի խոսնակ և ԱՄՆ Սենատի թեկնածու Սառա Գիդեոնը նույնպես ելույթ ունեցավ Դեմոկրատական ազգային համագումարում, սակայն բացման երեկոյի ժամանակ՝ իր աջակցությունը հայտնելով Ջո Բայդենի։

Դեմոկրատական ազգային համագումարի վերջին օրն ավարտվեց Ջո Բայդենի կողմից կուսակցության նախագահի թեկնածուի առաջադրումն ընդունելով։ Իսկ մեկ օր առաջ Քամալա Հարիսը ընդունել էր դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու լինելու առաջադրումը՝ դառնալով առաջին սևամորթ կինը և առաջին ասիաց-ամերիկացին, ով առաջադրվել է նման պաշտոնում խոշոր կուսակցության կողմից։

Իր ելույթի ընթացքում Բայդենը ոչ միայն քննադատեց նախագահ Դոնալդ Թարմփի նախագահության առաջին ժամկետը, այլ նաև իրեն ներկայացրեց որպես լավագույն թեկնածու, ով կարող է պայքարել տնտեսական և առողջապահական ճգնաժամերի դեմ։ Ամերիկայում սաստկացող ռասիզմի և տնտեսական անարդարության ժամանակաշրջանում նախկին փոխնախագահ Բայդենը խոստացավ «օգտագործել հնարավորությունների սահմանում լավագույնը»։

25 րոպե տևած իր ելույթի ընթացքում, նախկին փոխնախագահն արտահայտեց իր մտահոգությունները մի շարք խնդրների շուրջ, որոնց առերեսվում է ԱՄՆ-ն ՝ միևնույն ժամանակ կոչ անելով ԱՄՆ ժողովրդին ընտրել այն, ինչ ինքը կոչում է՝ «հույսի և լույսի» ճանապարհ։

--00--ԱԹ

Տեսանյութեր