Սերժ Սարգսյանի եղբորորդին կմնա կալանքի տակ. նա հրաժարվում է ցուցմունք տալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

Նարեկ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը բավարարել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանից։

Արթուր Պիվազյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք առերեսումներ։

Նա նշեց նաեւ, որ Նարեկ Սարգսյանը հրաժարվում է ցուցմունք տալ։

Անդրադառնալով առողջական խնդիրներին՝ փաստաբանն ասաց. «Ունի առողջական խնդիրներ, որոնք «Իզմիրլյան» բկ-ում չեն կարող լուծվել, քանի որ այդ ԲԿ-ն ավելի շատ վնասծքների բուժման հետ է կապված։ Նորից ենք դիմել, որպեսզի «Նաիրի» բկ-ում հետազոտություն անցնի։ Հիմնավորում են, որ անհրաժեշտության դեպքում ամբուլյատոր կարգով հնարավոր է՝ Նարեկ Սարգսյանը ստուգումների ենթարկվի»։

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 26-ին ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու եւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես եւ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:

--0--ԱՀ