Ոստիկանները հայտնաբերել են 120 մետր ռելս գողացած երկու անձանցից մեկին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 20, 24News

ոստիկանություն

Չարենցավանի ոստիկանները պարզել են քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից 120 մետր ռելս գողացած անձանց ինքնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օգոստոսի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս:

Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, խոսքը տոննաների քաշով երկաթգծի մասին էր: Բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ընկերության աշխատակիցներն անգամ չգիտեին, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանկահատվածում ե՞րբ, օրվա ո՞ր ժամին կարող էր կատարվել գողությունը:

Վերամբարձ կռունկ էր գործել: 120 մետր ռելսերն, անկասկած, մասնատել ու բեռնատարով էին տեղափոխել, և պետք է որ ականատեսներ լինեին:

Բացահայտման ուղղությամբ բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկվեցին` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվեց` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել:
Հետագա միջոցառումներով գողոնը հայտնաբերվեց և ի պահ հանձնվեց «Հարավ-Կովկասյան երթաթուղի» ՓԲԸ:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--0--ԱՀ